Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները

ԳԹԿ տնօրենի հրամանով հաստատվել է միասնական քննության առաջին օրը՝ հունիսի 9-ին. այդ օրը դիմորդները հանձնելու են «քիմիա» և «ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին՝ «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաներով:

Նա ընդգծեց, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։

«Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում», - ասել է Կարո Նասիբյանը։

Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։

«Կար կարծիք, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին չի մասնակցի։ Ինչպես տեսնում ենք, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միևնույն է հայտագրվել է հունիսի քննության համար»,-ասել է Կարո Նասիբյանը։

Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։

Քննությունների կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կարո Նասիբյանը նշել է, որ վերահսկողական գործիքակազմն, ինչպես նախորդ տարիներին, գործի են դրվելու։ Բոլոր նրանք, որոնց մոտ կհայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դուրս կհրավիրվեն։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։

News.am