Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաևին․ Նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գարսենյակից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

Ավելի վաղ Ադրբեջանի փոխնախագահ Շահին Մուտաֆաև հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողություն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։