Էրդողանը Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայման է անվանել ՀԿԹՀ-ի ճանաչումը

Անկարան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերն Արևելյան Միջերկրական ծովում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարի հետ Նիկոսիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Anadolu-ն։

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան Կիպրոսի համար երաշխավոր երկրներից մեկն է։ «Կիպրոսում մեր եղբայրների անվտանգությունն ու կայունությունը նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի անվտանգությունը։ Անկարան կշարունակի նպաստել ՀԿԹՀ-ի զարգացմանը»,- վստահեցրել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով, «թուրքերը Կիպրոսում երբեք փոքրամասնություն չեն եղել և չեն լինի»։ «Նրանք, ովքեր անտեսում են այս իրողությունները, երազում են մեկ կղզու ինքնիշխանության մասին: Ես կոչ եմ անում նրանց ճանաչել Կիպրոսի իրողությունները»,- ասել է Էրդողանը: Նախագահ Էրդողանն ասել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը ՀԿԹՀ-ի ճանաչումն է։ «Կիպրոսում ավելի քան կես դար կորել է Կիպրոսի հունական համայնքի մաքսիմալիզմի և անզիջում դիրքորոշման պատճառով։ Ոչ ոք թույլ չի տա, որ ևս 50 տարի կորցնել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

News.am