Կարմիր խաչը որոշել է այսօր Լաչինի միջանցքով բուժառուներ չտեղափոխել
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կասեցրել է բուժառուներին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխելու որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Նշվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:
«Կարմիր խաչը, գնահատելով սահմանամերձ իրավիճակի փոփոխությունը և, ըստ դրա, հաշվի առնելով իր պատասխանատվությունը թե՛ բուժառուների, թե՛ սեփական անձնակազմի հանդեպ, այս պահին վերադարձել է։ Եվ հույս ունենք, որ այդ գործողությունը կկատարենք։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր է անվտանգային հարցը, որպեսզի մեր գործողությունները սահուն և արդյունավետ կազմակերպված լինեն»,- ասաց Ամատունին։