Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը որոշեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։

Դատարանի մոտ հավաքված Աշոտյանի աջակիցները սկսեցին վանկարկել. «Ամո՛թ»։

«Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»,– նշեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ հունիսի 15-ին, մինչև ուշ գիշեր Աշոտյանի գործով դատական նիստ էր ընթանում, ինչից հետո նրան տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։

Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։

Sputnik Արմենիա