Ավանեսյան․ Այս պահին պարզ չէ, թե Ստեփանակերտից հիվանդները երբ կտեղափոխվեն Հայաստան
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հունիսի 15–ից Լաչինի միջանցքով անգամ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով ծանր հիվանդների տեղափոխման խոչընդոտումը։
Նշենք, որ հունիսի 15–ի առավոտից Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
«Խստորեն դատապարտելով` ես ասում եմ, որ հիվանդներին բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է միջազգային բոլոր փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում։ Ժամանակի ընթացքում նման լուրջ սրացումներ ունենում ենք»,– նշեց նախարարը։
Ավանեսյանը վստահեցրեց, որ այս պահին փորձում են Ստեփանակերտի բժիշկների հետ կապի միջոցով մասնագիտական թիմերով հնարավորինս որակյալ աջակցություն ցուցաբերել։ Նախարարը չի թաքցնում, որ սա, միևնույնն է, խնդրի լուծում չէ։
Նա նաև ավելացրեց, որ այս պահին պարզ չէ` հիվանդներին հետ են տարել Ստեփանակե՞րտ, թե՞ ոչ, կամ երբ հնարավոր կլինի նրանց տեղափոխել Հայաստան։
Sputnik Արմենիա