ԵՐԵՎԱՆԸ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ):

Միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել ավելի քան 15 երկրներից։ Անցած տարի նույնպես Հայաստանը ՊՄՏՀ-ում ներկայացնում էր հանրապետության նախագահը:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է այս չորեքշաբթի և կշարունակվի մինչև հունիսի 17-ը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ Է։ Բանն այն է, որ չորս տարի առաջ հենց Պետերբուրգի հերթական միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծապես կանխորոշեց երկրի հետագա ճակատագիրը: Փաշինյանն այն ժամանակ ասաց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Նա նշեց, որ այսօր աշխարհում շատերը գիտակցել են, որ աշխարհաքաղաքական խաղերը ոչ մեկին օգուտ չեն բերում, հատկապես այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ առճակատման թատերաբեմ: Ուստի Հայաստանը մտադիր չէ մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

Դրանից մոտ մեկ տարի անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Անշուշտ, բացի ամենից, դա (պատերազմը) դարձավ հենց այն աշխարհաքաղաքական խաղի հերթական փուլը, որից Փաշինյանը որոշել էր անջրպետվել։ Չստացվեց։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը հստակ ցույց տվեց հայկական հողի վրա իրենց աշխարհաքաղաքական շահերով բախված ահռելի թվով խաղացողների. Ռուսաստան, Թուրքիա, Պակիստան, Ամերիկա, Եվրոպա, Իրան, Չինաստան, Իսրայել... Սա այն երկրների բնավ ոչ ամբողջական ցանկն է, որոնց շահերը շոշափում էր 44-օրյա պատերազմը։ Այն ժամանակ նրանք բոլորը նստած էին խաղասեղանի շուրջ։ Իսկ Հայաստանը ... Հայաստանը նույնպես խաղի մեջ էր, բայց բացառապես հարթակի դերում։ Աշխարհաքաղաքական առճակատման հենց այն թատերաբեմի դերում, որը տրամադրելով՝ այս կամ այն երկրներն ու ժողովուրդները, Փաշինյանի վարկածով, ոչ մի օգուտ չեն ստանում։ Ասենք ավելին. հենց նույն Ուկրաինայի օրինակով ակներև է, որ գլոբալ խաղացողներին «խաղասեղան» տրամադրող երկրներն ու ժողովուրդները ոչ միայն օգուտ չեն ստանում, այլև ընդհանրապես հայտնվում են բնաջնջման եզրին։

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի և Արցախի շուրջ, կարելի է վստահորեն անվանել ուկրաինացում։ Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը դառնում են աշխարհաքաղաքական առանցքային կենտրոնների, համաշխարհային և տարածաշրջանային տերությունների միջև կենաց ու մահու ճակատամարտի դաշտ։ Բավական է նայել վերջին օրերի իրադարձություններին՝ դրանում համոզվելու համար։ Թվարկենք դրանցից մի քանիսը։

Վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրի վկայակոչումով՝ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ ԱՄՆ-ը պարտադրում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնալով հակաահաբեկչական գործողություն անցկացնել տարածաշրջանում:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանում է այդ հաղորդագրությունները՝ ընդգծելով. «Երեկ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տեսա այն մասին, որ ԱՄՆ-ը միջնորդի իր դերը դիտարկում է ոչ թե որպես խաղաղ գործընկեր կամ փորձագետ, որը կարող է շփումներ հաստատել, այլ նրանք իբր նույնիսկ սպառնալիքների են դիմել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հասցեին, բնակիչների դեմ՝ ինչ-որ մարդկանց միջոցով, գրեթե սպառնալով ուժ կիրառել: Ուղղակի թե անուղղակի՝ արդեն չգիտեմ։ Եթե այդ փաստերը հաստատվեն, ապա ԱՄՆ-ը հերթական անգամ կխաթարի միջնորդի իր հեղինակությունը»։

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄՆ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ։ «Արմենպրեսը» հարցում ուղարկեց ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն տեղեկատվության հետ, որ ԱՄՆ-ը պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երրորդ երկրի տարածքում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ի պատասխան այդ հարցման նշեց. «Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Մենք ողջունում ենք դրան նպաստող ցանկացած երկխոսություն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման վերաբերյալ հարցին, հայտարարում է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական բազաների» քանակի ավելացումը ոչ մի կապ չունի Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ: Նրա խոսքերով, ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են չափազանց անթափանց։

Դրան անմիջապես արձագանքում է ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցչությունը։ «Հենց սկզբից ԵՄ առաքելությունը Հայաստանում լիովին թափանցիկ է եղել 103 հոգուց բաղկացած 6 կենտրոնների աշխատանքի ծրագրի մասով։ Մեր նպատակն է՝ հնարավորինս շուտ հասնել լիարժեք գործունեության։ Հայաստանում ԵՄ առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է ի պատասխան ՀՀ կառավարության դիմումի»,- ասված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների թվիթերյան գրառման մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դժվարությունները կապված չեն Հայաստանի հետ, այլ վերաբերում են Իրանի դիրքորոշմանը։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա խնդիրը կապված չէ Հայաստանի հետ, խնդիրն Իրանի հետ է»,- ասաց Էրդողանը չորեքշաբթի օրը՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո տված հարցազրույցում, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը:- Իրանի պահվածքը վշտացնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ ։ Իրանի կողմից դրական մոտեցման դեպքում Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը այսօր ինտեգրված կլինեին միմյանց հետ ինչպես ավտոճանապարհների, այնպես էլ երկաթուղիների միջոցով։ Հնարավոր է, որ բացված լիներ «Պեկին-Լոնդոն ճանապարհը»։

Թվարկված հայտարարություններից յուրաքանչյուրը կարելի է վերլուծել առանձին, դրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին մեկնաբանության: Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանին ու Արցախին անմիջականորեն վերաբերող բոլոր այս դրվագներում բացարձակապես նկատելի չեն հայկական շահերը և չի լսվում Երևանի ձայնը։ Մոսկվան ու Վաշինգտոնը վիճարկում են միջնորդական դերը Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններում։ Երևանը լռում է, Բաքուն հրետակոծում է Արցախը և խստացնում շրջափակումը։ Մոսկվան և Բրյուսելը վիճարկում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը։ Երևանը լռում է, իսկ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Թուրքիայի նախագահն ասում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցքի կառուցմանը խանգարում է Իրանը։ Եվ այստեղ էլ Երևանը չի արձագանքում։

Ընդամենը 4 տարի է անցել այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աշխարհին, որ Հայաստանը չի պատրաստվում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ։ Այո, Երևանն իսկապես չի խաղում։ Նա խաղից դուրս է: Երևանը նախընտրում է լինել խաղահրապարակ, որի պահպանությունն ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրում։ Մանավանդ խաղի կոշտացմանը զուգընթաց…