Իրանում հուսով են` Բաքվի հետ հարաբերությունների սառեցումը չի ազդի Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի վրա

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցումը չի ազդի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման և նախագծի ավարտի վրա: Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը:

«Հուսով ենք` բացասական ազդեցություն չի լինի։ Երեկ հանդիպեցի Ադրբեջանի փոխվարչապետ պարոն Մուստաֆաևին, որը նաև Իրանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողովի ղեկավարն է: Մենք մանրամասն քննարկեցինք ՄՏՄ-ի նախագծի իրականացմանը վերաբերող շատ հարցեր։ Համաձայնեցինք, որ այս նախագծի շուրջ երկու կողմերի միջև ծագած քաղաքական թյուրիմացությունները որևէ ազդեցություն չեն ունենա դրա իրականացման վրա, և նա խոստացավ լրջորեն հետևել Ադրբեջանում ՄՏՄ-ի աշխատանքներին»,- ասել է նախարարը:

«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան): ՄՏՄ-ի երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան(երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։ 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արևմտյան երթուղու Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։

Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։

Sputnik Արմենիա