ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22-ին
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը տեղի կունենա հունիսի 22–ին՝ հինգշաբթի օրը։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արյուսակ Ջուլհակյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-23-ին ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանի կարևոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետևանքների, ինչպես նաև Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ:
Վեհաժողովը նաև համատեղ քննարկումներ կանցկացնի միգրացիայի հարցի շուրջ և կքննարկի երեք զեկույց՝ միգրանտների և փախստականների ինտեգրման մասին, սպորտի միջոցով միգրանտների, փախստականների և ներքին տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման մասին, ինչպես նաև առանց փաստաթղթերի աշխատավորներին կամ մշտական կարգավիճակ չունեցող անձանց բժշկական և սոցիալական օգնության տրամադրման մասին։