GTB հոլդինգի տնօրեն․ Դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու, և շարունակելու ենք գործարանի կառուցումը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երասխ բնակավայրում լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը:
«Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու և այլն, դա ուղղակի արձանագրությունն է մեր տնօրենների խորհրդի որոշման: Մենք դրոշների բարձրացումով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը: Մեզ՝ այստեղ լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի Հանրապետությունից մենք ունենք այդ թույլատվությունը, և՛ ցանկությունը, և՛ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ գործարանը կառուցելու»,- ասաց Տիրան Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա հիմա որոշվեց բարձրացնել երկու երկրների դրոշները, Հակոբյանն ասաց, որ մինչև այդ կարիքը չէին զգացել:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը թիրախավորում է շինարարական տեխնիկան երկու պատճառով՝ վախեցնելու և տեխնիկան շարքից հանելու:
«Առաջին կրակոցից հետո ամեն օր եղել են կրակոցներ: Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա: Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու և խաղի այդ կանոններով չենք խաղալու»:
Տիրան Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները երեկ թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով իրենք բարձրացնում էին դրոշների ձողերը:
Նա ասաց, որ այսօրվանից շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները:
«Մենք դիմելու հնարավոր բոլոր միջազգային մարմիններին և օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որ իրենք հասկանան՝ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան թե՛ օրենսդրական, թե՛ պաշտպանական դաշտում»:
Հարցին՝ եթե հակառակորդը կրկին այդպիսի քայլերի գնա, արդյո՞ք ընկերությունը կդիմի ԱՄՆ իշխանությունների միջամտությանը, Հակոբյանը պատասխանեց. «Մենք ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ ենք: Նրանք ամբողջ պրոցեսից տեղյակ են, կարծում եմ՝ համապատասխան գործողություններ և հետևություններ արվում են»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պատճառաբանությանը, թե մետաղի մշակումը կարող է աղտոտել Արաքսը, Տիրան Հակոբյանն ասաց.
«Ջրի հետ կապված որևէ ձև մենք չենք ազդում Արաքսին: Մենք գտնվում ենք մոտ 6 կմ հեռավորության վրա և ջուրը օգտագործում ենք մակերևութային ջրերը՝ փակ ցիկլով: Այսինքն՝ ջուրը մեր մոտ սպառվում է միայն գոլորշիացման տեսքով: Եվ՛ Բնապահպանության նախարարությունը, և՛ անկախ փորձագետներն այդ մասին շատ մանրամասն հաղորդագրություններ են տարածել»:
Նա հայտնեց, որ գործարանի շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ավարտին:
Անդրադառնալով հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ազգությամբ երկու հնդիկների առողջական վիճակին՝ Հակոբյանն ասաց, որ նրանք առայժմ շարունակում են իրենց բուժումը «Արարատ» ԲԿ-ում. «Ամեն ինչ նորմալ է, առողջացման ընթացքի մեջ են»:
News.am