ՀՀ Հաշվեքննիչ պալատը ԿԳՄՍՆ-ում հայտնաբերել է 350 մլն դրամի անհամապատասխանություն

ՀՀ Հաշվեքննիչ պալատը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնաբերել է 6 անհամապատասխանություն։ Գերատեսչությունը հաշվի է առել դրանցից միայն մեկը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ԿԳՄՍՆ-ի 2022թ. գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվետվության ներկայացման ժամանակ հունիսի 23-ին ասել է պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ 2022թ. պետբյուջեի հաշվետվության համաձայն ԿԳՄՍՆ-ին, ըստ նախնական պլանի, պետք է հատկացվեր 88 մլրդ դրամ։ Սակայն գերատեսչությանը հատկացվել է 80,8 մլրդ դրամ։ Փաստացի ծախսերը կազմել են 77,8 մլրդ դրամ։

«Անհամապատասխանություններից մեկի վերաբերյալ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, իսկ մյուսների վերաբերյալ տրվել են լրացուցիչ մեկնաբանություններ»,- ասել է Բարսեղյանը։

Պալատի անդամը նաև տեղեկացրել է, որ այդ անհամապատասխանությունների առնչությամբ վերհանվել է 350 մլն դրամ ընդհանուր գումարի միջոցների գերածախս։

News.am