ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ

«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց է, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին կառավարության նիստում, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը, հաղորդում է Panorama.am-ը։

Երկրորդ լուծումը, ըստ նրա, հետևյալն է. պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրը: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, մեր դիրքորոշումը նույնն է մնում։ Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- նշել է Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. փաստորեն, Հայաստանի վարչապետը ներկայացրեց Արցախի ամբողջական շրջափակումը վերացնելու Երևանի ճանապարհային քարտեզը։ Այդ հարցում Փաշինյանը մատնանշեց երկու հնարավոր ուղղություն, բայց համեստորեն լռեց այն մասին, որ երկու տարբերակներն էլ փակուղի են տանում։ Փաշինյանը հնչեցրեց բացարձակ անիրատեսական գաղափարներ, ինչով, ըստ էության, հերթական անգամ հասկացնել տվեցրեց, որ պաշարված Արցախին, Արցախում հումանիտար աղետին Երևանն իրականում մտադիր է նայել որպես կողմնակի դիտորդ:

Առաջին ճանապարհը, ըստ Փաշինյանի, անցնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով։ Իբր՝ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է իրագործել Ադրբեջանի կողմից Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության մասին Միջազգային դատարանի որոշումը։ Այստեղ արժե հիշել, որ Լաչինի միջանցքի խնդիրն արդեն քննարկվել է այս ձևաչափով։ Անցած տարվա դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը, սակայն համապատասխան հայտարարություն ընդունել չհաջողվեց: Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվեց ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովի թվիթերյան գրառումը՝ հետևյալ տեքստով. «Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից: Շնորհակալության խոսքեր Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային։ Ադրբեջանցի դիվանագետների հիանալի՛ աշխատանք»։

Անկախ նրանից, թե հիշյալ երկրներից որոնք են իսկապես տապալել այդ փաստաթղթի ընդունումը, ակնհայտ է, որ այս ձևաչափով միակարծության հասնելը գործնականում անհնար է։ Ի դեպ, այն ժամանակ, ադրբեջանական շնորհակալական խոսքից հետո Լոնդոնը Հայաստանում իր դեսպան Ջոն Գալահերի շուրթերով հայտարարեց, որ իրենք չեն արգելափակել հայտարարության ընդունումը: Իբր՝ Ադրբեջանի ներկայացուցչի շնորհակալությունը սխալ է հասցեագրված։ Ռուսաստանը նույնպես փաստացի հրաժարվեց իրեն ուղղված երախտագիտության այդ խոսքերից։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին այն ժամանակ նշեց. «Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չհաջողվեց ընդունել այն նախապատրաստած Ֆրանսիայի «անմաքուր գործողությունների», այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով»:

Ինչևէ, հայտարարության ընդունումը ձախողվեց, և այսօր չնչին իսկ հիմք չկա համարելու, թե նույնպիսի ճակատագրի չի արժանանա Միջազգային դատարանի վճռի կենսագործումը, ինչը պետք է ապահովի ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Եթե ավելի ճշգրիտ, ապա բոլոր հիմքերը կան համարելու, որ Բաքուն հաստատ հիմքեր կունենա շնորհակալություն հայտնելու մի շարք երկրների՝ ադրբեջանամետ դիրքորոշման և ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշումներն արգելափակելու համար։

Ի դեպ, արժե հիշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խնդիրների լուծում փնտրելու Երևանի ևս մեկ փորձը։ Դա 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տապալվել է կարևոր փաստաթղթի ընդունումը։ «ԱԽ-ի վերջին նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում։ Խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»։ Քոչարյանը չնշեց այդ երկիրը, սակայն ավելի ուշ մամուլում հայտնվեցին ոչ պաշտոնական հաղորդագրություններ, որ խոսքը Բրիտանիայի մասին է։

Սա անցյալը փորփրելու փորձ չէ։ Պարզապես ՄԱԿ-ի ԱԽ-ում խնդիրներ լուծելու Երևանի դառը փորձը հիմքեր է տալիս այդ կառույցի արդյունավետության նկատմամբ լիակատար թերահավատության համար։ Կառույց, որտեղ 5 մշտական անդամները հնարավորություն ունեն վետո դնել այս կամ այն որոշման վրա: Կառույց, որի վետոյի իրավունք ունեցող 5 անդամներից առնվազն 2-ը, ամենայն հավանականությամբ, այդ վետոն կկիրառեն։ Դա կարող է անել և Բրիտանիան, որին Բաքվի հետ առանձնահատուկ հարաբերություններ են կապում։ Դա կարող է անել և Ռուսաստանը, որն իր խաղաղապահ զորակազմը տեղակայել է Արցախում ու Լաչինի միջանցքում և դժվար թե ցանկանա իր վերահսկողության տակ գտնվող այդ գոտում թույլ տալ Միջազգային դատարանի վճռի գործնական կատարում։

Փաշինյանի նշած երկրորդ տարբերակը առաջինից ավելի անիրատեսական է։ Նա ասում է, թե պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը։ Բայց չի ասում, իսկ ի՞նչ կլինի, եթե չգործարկվի։ Ալիևն այս հարցում ծայրաստիճան հստակ է արտահայտվում։ Ահա թե ինչ ասաց Ադրբեջանի նախագահը մոտ մեկ ամիս առաջ Լաչին կատարած այցի ժամանակ. «Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին երրորդ հրավեր չի լինելու: Կա՛մ իրենք կգան գլուխները կախ, կա՛մ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»։ Իսկ ահա ևս մեկ հայտարարություն. «Նրանք (Լեռնային Ղարաբաղի իշխանությունները) կարող են համաներման տակ ընկնել միայն այն դեպքում, եթե հոժարակամ լքեն բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Այն էլ՝ դեռ կտեսնենք»: Եվ էլի՝ Ալիևի ճառից. «Մենք բոլոր հնարավորություններն ունենք ցանկացած գործողություն իրականացնելու այդ տարածաշրջանում (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը)»:

Այսպիսով կարելի է փաստել, որ ադրբեջանական գերությունից Արցախն ազատելու, հումանիտար աղետը կանխելու Փաշինյանի ճանապարհային քարտեզի երկու ուղիներն էլ ի սկզբանե անհեռանկարային են և տանում են փակուղի։ Ընդ որում որևէ այլ, քիչ թե շատ արդյունավետ մոտեցում Փաշինյանը չի կարող առաջարկել։ Եվ դա այն դեպքում, երբ արցախցիների գլխավերևում իսկապես կախված է սովի, էթնիկ զտումների և պարզապես ցեղասպանության վտանգը…