Մենուա Սողոմոնյան․ «Հայաքվե»-ի դեմ քայլեր են անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ իրականացվում են օրենքի միտումնավոր և հանցավոր խախտումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե (Հայերի ձայն)» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Այն ուժերը, սուբյեկտները, որոնք ցանկանում են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, արդեն իսկ որոշակի քայլեր են արել նախաձեռնության դեմ։ Մենք դրանք հանգամանորեն կներկայացնենք երկուշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց օրինակ՝ ՏԻՄ մարմիններն արդեն պաշտոնապես պետք է պատասխանեն մեզ տարածք տրամադրելու համար, սակայն շատ դեպքերում պատասխան չկա, որոշ դեպքերում էլ ապօրինի հիմքերով մերժումներ են»,- նշեց նա։
Սողոմոնյանի խոսքով՝ տարբեր շերտերից «Հայաքվե»-ի մասին տարածվում են տեղեկություններ, որոնք ապակողմնորոշում են քաղաքացիներին։
««Հայաքվեն» շփոթում են այլ ստորագրահավաքների հետ, մինչդեռ ստորագրահավաքը մեր նախաձեռնության ընդամենը առաջին քայլն է, որով մեր օրենքի փոփոխության նախաձեռնությունը մտնի ԱԺ։ Ստորագրել հնարավոր կլինի միայն մարզպետարաններում, քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, թաղապետարաններում և միայն անձը հաստատող փաստաթղթով»,- ասաց Սողոմոնյանը։
Եղել են դեպքեր նաև, երբ այլ նախաձեռնություններ, այլ անհատներ փորձել են ներկայանալ որպես «Հայաքվե» նախաձեռնող խումբ կամ խմբի անդամ։
««Հայաքվե»-ի բոլոր պատասխանատուները կրում են ԿԸՀ-ի տված վկայականները, և յուրաքանչյուր քաղաքացի հավաստիանալու համար պետք է պահանջի այդ վկայականը»,- ընդգծեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանի խոսքով՝ հաջորդ կեղծ տեղեկությունը, որով փորձում են շփոթեցնել հասարակությանն այն է, որ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքականացնում են՝ կապելով կուսակցության և քաղաքական անձերի հետ։
«Իհարկե, գործընթանցը լայն առումով կապված է քաղաքականության հետ, բայց բնույթը քաղաքացիական է։ Սահմանադրությամբ ժողովուրդն իր իշխանությունն իրականցում է ընտրությունների, հանրաքվեների և տեղական կառավարման միջոցով։ Մենք հայ ժողովրդի քաղաքական կամքը ցանկանում ենք իրացնել հանրաքվեի միջոցով։ Այդ հավաքական կամքն այն, որ Արցախը երբեք չի կարող լինել որևէ այլ պետության կազմում»,- ասաց Սողոմոնյանը։