ՀՀ ՄԻՊ․ Լաչինի միջանցքում արգելապատնեշի տեղադրումը էթնիկ զտման ևս մեկ ազդակ է

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը: Այս մասին հայտնում է ՄԻՊ–ի գրասենյակը։

Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Մանասյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:

«Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է»,–ասվում է ՀՀ ՄԻՊ–ի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ մարդասիրական աղետն Արցախում օր օրի ահագնացող չափերի է հասնում, քանի որ ամբողջապես արգելափակված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ ։

«Խիստ մտահոգիչ է պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում»,–ասվում է Մանասյանի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել է արգելափակման հումանիտար հետևանքները՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:

Sputnik Արմենիա