Բաքուն վտանգում է ԼՂ ժողովրդի կյանքը. ՀՀ մշտական ներկայացուցիչը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող փակման հարցը` նշելով, որ դրա պատճառով վտանգվում է անմեղ քաղաքացիների կյանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նա ելույթ է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» թեմայով քննարկմանը։

«Ապօրինի գործողությունների վերաբերյալ նշվել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իրավական պարտավորությունները և խախտում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։ Շեշտվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկեն բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ ԼՂ–ում մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։

Դեսպանն ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին` ներառյալ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։

Sputnik Արմենիա