Մետաքսե Հակոբյան․ Առաջին անհրաժեշտության ապրանքներ գրեթե չկան խանութներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջև նստացույց հայտարարած մարդկանց ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում:

 

«Դուք ականատես եք, որ ես մթության մեջ եմ, այսինքն՝ հերթական անջատումներն են: Արցախում արդեն տևական ժամանակ օրը 3 անգամ 2-ական ժամով դեռևս անջատումներ են լինում: Այսօր ես ոտքով կիլոմետրեր եմ անցել, որովհետև նախ այլևս հնարավորություն չունենք տեղաշարժվելու ավտոմեքենաներով, հանրային տրանսպորտը շատ ուշ-ուշ է աշխատում և բավականին ծանրաբեռնված է: Այս ընթացքում հատուկ մտել եմ խանութներ և տեսել եմ այն իրավիճակը, որն այսօր կա: Արցախում ժամերի ընթացքում իրավիճակ է փոխվում»,- ասաց Արցախի պատգամավորը:

Հակոբյանի խոսքվ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ խանութներում գրեթե չկան.

«Կան բաներ, որոնք առօրյա օգտագործման չեն և դեռևս հնուց են մնացել: Բանջարեղենի և մրգի մասին այլևս չենք խոսում, նույնիսկ տեղական արտադրության շատ քիչ քանակությամբ է լինում, աստղաբաշխական գներով են լինում և շատ արագ սպառվում են: Այսինքն՝ 21-րդ դարում այսօր Արցախում 30 հազար երեխա ուղղակի զրկված է վիտամիններով սնունդ ընդունելու հնարավորությունից: Ժողովրդի մեջ մի պահ խուճապ էր առաջացել ցորենի պաշարների հետ կապված: Մարդիկ փորձում են սնունդը պահեստավորել: Անհանգստությունը ոչ թե մեծ է, թե ինչու չի բացվում ճանապահը, այլ նրանում է, որ վարվող քաղաքականության և միջազգային հանրության վերաբերմունքից»:

News.am