ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ՝ ՆԱԽՔԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, սպառազինության մատակարարման ոլորտի գործարար Դավիթ Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ազատազրկված են նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հայտնի անձանց կալանավորումները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ կալանքի տեսքով խափանման միջոցն, անշուշտ, ներառում է քաղաքական բաղադրիչ, ընդ որում յուրաքանչյուր դեպքում դա ունի իր առանձնահատկությունը:

Ասլանյանին Փաշինյանը չի կարողանում ներել Վանաձորի ավագանու 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրություններում տարած հաղթանակը։ Համայնքի նախկին ղեկավարին պաշտոնական դիրքի չարաշահման համար առաջադրված մեղադրանքները վաղեմության երկար ժամկետ ունեն, բայց Փաշինյանը չի կարող ընդդիմությանը հանձնել երկրի երրորդ խոշոր քաղաքը։ Եթե Ասլանյանը հրաժարվեր քաղաքապետի պաշտոնում վերընտրվելուց, ապա նրան կազատեին կալանքից, ինչպես դա եղավ Հարություն Մանուչարյանի պարագայում՝ Բերդ համայնքի ընտրություններում իր ցուցակի հաղթանակից հետո:

Անցած տարվա նոյեմբերին մեղադրանք ներկայացվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին. դա վերաբերում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնում նրա աշխատանքի ժամանակահատվածին: Այստեղ ևս ակներև է քաղաքական բաղադրիչը. եթե մեղադրանքի առաջադրումից հետո նա թուլացներ գրոհը ռեժիմի դեմ և դադարեր բացահայտել «խաղաղության դարաշրջանի» մոտեցման դաշտում Փաշինյանի «սխրանքները», ապա ոչ մի կալանք չէր լինի։ Մեղադրանքների նպատակը Աշոտյանին պաշարելն էր, լռեցնելը, սակայն ՀՀԿ փոխնախագահը անտեսեց իշխանության այդ մանևրը, ինչի համար էլ կալանքով հատուցեց նաև չհեռանալու մասին ստորագրության ռեժիմի գոյություն չունեցող խախտման համար։

2021 թվականի օգոստոսի 30-ին հայտնի դարձավ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքների մասին։ Տվյալ դեպքում քաղաքական բաղադրիչը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց անձամբ Փաշինյանը: Նա ուղիղ տեքստով ցուցումներ տվեց գեներալի գործով քննիչներին ու դատավորին ՝ «բացահայտելով» տվյալներ, թե իբր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ գեներալներ կատարել են դրսից ստացած հրամաններ։ Դա ակնարկ էր ՌԴ գլխավոր շտաբի հրամանների մասին։ Ոչ ոք չի հավատում, որ Արզումանյանն առանց լուրջ պատճառների կարող էր հրաման տալ նահանջել Արեգի գագաթից և շրջակայքից՝ դրանց ազատագրումից հետո, ոչ ոք չի հավատում, թե նրա մեղքով է հանձնվել Շուշին. գեներալը Պաշտպանության բանակի հրամանատարն էր ընդամենը 12 օր: Սեպտեմբերի 1-ից նա կալանքի տակ է, խափանման միջոցը դատարանը երկարաձգել է 4 անգամ։

Կարելի է բերել կալանավորված անձանց գործունեության բազմաթիվ օրինակներ, բայց հատուկ ուշադրության է արժանի Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) անցյալը: Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան նրա բերած «Օսա-ԱԿ» համակարգերով խոցվել է հակառակորդի 88 ԱՕԹՍ: Համակարգի 1 հրթիռն արժե մոտ 5 հազար դոլար, իսկ յուրաքանչյուր խոցված ԱՕԹՍ-ի արժեքը հասնում է 200 հազար դոլարի: Գործարար Գալստյանը ոչ միայն գործնականում միայնակ սպառազինություն է մատակարարել ՀՀ զինված ուժերին, այլև ապահովել է դրանց առաքումը, օրինակ, Հորդանանից՝ ռուսական Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով (10 չվերթ), արդիականացրել է այդ սպառազինությունն իր անձնական միջոցներով և այլն։ Գալստյանը կալանքի տակ է ՀՀ նախկին ղեկավարության հետ սերտ կապերի պատճառով, ահա թե որն է նրա մեկուսացման իրական պատճառը։ Նրան ներկայացված բոլոր մեղադրանքները կարված են սպիտակ թելով, դրանց մի մասի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է, բայց ռեժիմի պարագլուխը շարունակում է կալանքի տակ պահել գործարարին, քանի որ չի վստահում նրան...

Մեկուկես տարի առաջ շատերը հավատացին, թե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման պատճառը «Սու-30» ինքնաթիռների սկանդալային գնումն էր, սակայն հետագա իրադարձությունները բացահայտեցին այդ կալանավորման քաղաքական բաղադրիչը: Եթե խոսքն իսկապես միայն ինքնաթիռների մասին է, ապա ինչո՞ւ դատարանը չբավարարեց դռնբաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ նախկին նախարարի դատապաշտպանների միջնորդությունները։

Պետական գաղտնիքներին հղումն ամենևին էլ համոզիչ չի թվում, քանզի այդ հարցերի համար կարելի է դռնփակ նիստեր անցկացնել, իսկ բաց դատավարություն անցկացնելու մերժումը վկայում է քաղաքական բաղադրիչի առկայության մասին, ինչի վկայությունն է նաև Տոնոյանի համաձայնությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին ցուցմունք տալու միայն Փաշինյանի ներկայությամբ։ Նախկին նախարարի այս առաջարկը մերժվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից՝ այն պատճառաբանությամբ, թե Փաշինյանի և Տոնոյանի միջև հրապարակային երկխոսությունը կխաթարի խորհրդարանական ժամանակավոր մարմնի աշխատանքի ձևաչափը: Դե, իսկ փակ դատական նիստերը պայմանավորված են Փաշինյանի վախերով, որ ճշմարտությունը մակերես չելնի, իսկ ճշմարտությունն այն է, որ սպառազինությունների գնման ցուցակը, այդ թվում՝ հիշյալ ինքնաթիռների, հաստատել է Փաշինյանը, հետևաբար՝ նրա տեղը պաշտպանության նախարարի կողքին է, մեղադրյալի աթոռին։ Չէր կարող 4 թանկարժեք ինքնաթիռների գնումը կայանալ առանց վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու համաձայնության։

Մայիսի 15-ին հակակոռուպցիոն դատարանը դռնփակ նիստում որոշում կայացրեց 3 ամսով երկարաձգել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքը, որը շատերը կապում են Տավուշի այսպես կոչված անկլավների ճակատագրի հետ: Գեներալին, ինչպեսև իր հորը՝ Յուրի Խաչատուրովին, Տավուշում ճանաչում ու հարգում են։ Փաշինյանը վախեցավ, որ գեներալը կարող է տեղում առաջնորդել դիմադրությունն ընդդեմ «անկլավների» հանձնման։ Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փուլում «Գոլոս»-ը բազմիցս զգուշացրել է, որ դրա գլխավոր խնդիրը լինելու է քաղաքական հաշվեհարդարը նրանց դեմ, ում գործունեությունը կհակասի Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը։