Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ ԲԴԽ-ն բավարարեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդությունը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշումը հրապարակել է՝ սահմանափակելով ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով, որ ներկա գտնվեն դահլիճում։

Ավելին, Կ. Անդրեասյանն անգամ չի հրապարակել, թե ով է դեմ եղել որոշմանը, ԲԴԽ որեւէ անդամ հատուկ կարծիք ունեցել է, թե ոչ։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։

Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։

Փաստինֆո