ԻՆՉՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ. ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԱՊՆԴԵԼ ԱԼԻԵՎԻՆ

Մեր երկրում ունենալով օկուպացիոն իշխանություն, իրավունք չունենք որևէ պահանջ և մեղադրանք ներկայացնել ուրիշներին. այս թեզը, անշուշտ, արդարացի է և արդարացված: Այդուհանդերձ դա ամենևին չի ենթադրում արձագանքի բացակայություն Ադրբեջան ահաբեկչական պետության ցեղասպան քաղաքականությանը, որը ոչ միայն չի մարում Փաշինյանի ռեժիմի մառազմատիկ «խաղաղասիրության» խորապատկերին, այլև հակառակը՝ շարունակում է թափ հավաքել։

Հուլիսի 3-ին Ադրբեջանում սկսվեց «դատավարությունը» մայիսի 26-ին Հայաստանի սահմանային գոտում առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ: Գերեվարված կամ առևանգված հայերի դեմ քրեական գործեր սարքելը և դատավարությունները, որոնք անցկացվում են իրավական բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, Ադրբեջանում ունեն վաղեմի ավանդույթներ՝ որպես հայատյացության քաղաքականության մաս: Այնպես որ այդ հաղորդագրության մեջ զարմանալի ոչինչ չկար: Նոր հանգամանք էր «դատավարության» անցկացման վայրը՝ Սումգայիթը, որի ընտրումն, անշուշտ, ամենևին էլ պատահական չէ։

Այդ քաղաքի բուն անվանումը վաղուց դարձել է հասարակ անուն, ընդ որում՝ ոչ միայն հայ ժողովրդի և տարածաշրջանի համար։ Մարդկության պատմության մեջ այն մտել է որպես անմարդկայնության և լոկ ազգային պատկանելության հիման վրա մարդկանց հանդեպ գազանաբարո դաժանության օրինակ։ «Սումգայիթը» նշանավորեց 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում սկսված և նույն դարի վերջին Ադրբեջանում շարունակված Հայոց ցեղասպանության նոր փուլի սկիզբը:

1988թ. փետրվարի 27-29-ի այն սարսափելի օրերից ի վեր և առ այսօր Ադրբեջանը շարունակում է իրականացնել տարածաշրջանում հայ ժողովրդի և հայկական հետքի ոչնչացման թուրքական հրեշավոր ծրագիրը, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, այդ հանցավոր քաղաքականության անքակտելի մասն է: Սումգայիթը որպես առևանգված հայերի նկատմամբ դատական խեղկատակության անցկացման վայր ընտրելը ոչ միայն հարգանքի տուրք է ծիսականությանը, այլև թուրքական յուրօրինակ մեսիջ Հայաստանին և հայությանը՝ որպես հիշեցում «սումգայիթի» մասին:

Մենք բազմիցս գրել ենք (https://golosarmenii.am/article/183277/podgotovka-k-ekstradicii-ubijcy-polnym-xodom-idet-i-v-baku--i-v-erevane) երկու հայ զինծառայողների առևանգման նպատակների մասին։ Կրկնելն իմաստ չունի, հերթական անգամ նշենք միայն, որ մեր աչքի առաջ խաղացվում է արյունալի ներկայացում, որի սցենարը գրվել է Բաքվում՝ Հայաստանի օկուպացիոն իշխանությունների լիակատար աջակցությամբ, ինչի նպատակը ադրբեջանցի երկու դիվերսանտներին վերադարձնելն է։ Հիշեցնեմ, որ նրանցից մեկը սպանել էր ԶՊՄԿ-ի պահակին և հրապարակած տեսանյութում պարծենում էր իր արյունատենչությամբ ու հնարավորինս մեծ թվով հայերի սպանելու մոլի ցանկությամբ։

Երևանից որևէ արձագանքի բացակայությունը Սումգայիթում կազմակերպված դատական խեղկատակությանը, այն դեպքում, երբ հայ պայմանագրային զինծառայողների անհետացման առաջին օրերին ԱԱԾ-ն և ՔԿ-ն պնդում էին, որ նրանց առևանգել են, առավել քան համոզիչ կերպով ապացուցում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների առնվազն համաձայնությունը, առավելագույնը՝ մեղսակցությունը հայկական արյան վրա խաղացվող այդ ներկայացմանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ արդեն 2 տարի 10 ամիս շարունակ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, իսկ սեփական գործողությունների «լեգիտիմացման» համար գրեթե բոլորին դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ որպես «ահաբեկիչների»: «վարձկանների», «դիվերսանտների» և այլն։

Հետագա փոխանակման (արտահանձնման) նպատակով զինծառայողների առևանգումը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր չէ ազատ արձակել «նախկին» ռազմագերիներից և ոչ մեկին, համենայնդեպս՝ մոտ ապագայում, և դրան նույնպես Հայաստանի իշխանությունները համաձայն են: Սակայն տվյալ դեպքում բավական ուշագրավ են Բաքվի իշխանությունների այդօրինակ դիրքորոշման պատճառները։

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի հաղթանակը Արցախյան առաջին ազատամարտում հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի բնակչությունն ու իշխանությունները ձեռք բերեցին թերարժեքության կայուն բարդույթ, որը դրսևորվում էր գրեթե բոլոր ոլորտներում և դարձել էր նրանց վարքագծի առանձնահատկությունը գրեթե 30 տարի շարունակ։ Առավելևս դա վերաբերում է Ալիևներին և հատկապես Իլհամին։ Հիշենք Հայաստանի ղեկավարների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ նրա վախվորած աչքերը, երբեմն քաոսային շարժումները, անճարակ ու անվստահ պահվածքը՝ ընդհուպ մինչև նվաստացում... Սոցցանցերում մինչ օրս տարածվող արխիվային տեսանյութերում այդ ամենը միանգամայն ակներև է։

Իր իշխանության հինգ տարիների ընթացքում Փաշինյանը սիրահոժար Ալիևին տրամադրեց այդ բարդույթի փոխհատուցման բոլոր հնարավորությունները՝ սկսած սեփական միտումնավոր խղճուկ տեսքից։ Հենց այստեղից էլ՝ լուրջ քաղաքական գործչին նույնիսկ հաղթական պատերազմից հետո ոչ բնորոշ լակոտական խրոխտանքը, սանձարձակ պոռոտախոսությունը և անթիվ սպառնալիքները՝ բռունցքների ու մատների թափահարումով, ինչով մինչև օրս աչքի է ընկնում ձախողակի բարդույթից վերջապես ձերբազատվել փափագող Ալիևի պահվածքը։ Միայն թե՝ արդյոք լիովին հաջողվե՞ց դա նրան:

Այդ առնչությամբ հիշենք խայտառակ «ռազմական ավարի այգին», որի բացումը տեղի ունեցավ Բաքվում 2021 թվականի ապրիլին։ Ալիևի ցուցադրական «վեհապանծ» երթը սպանված հայ զինվորների սաղավարտների կողքով, հայ զինվորների մանեկենները, որոնց հետ այդ «այգու» յուրաքանչյուր այցելու, այդ թվում երեխաները, կարող էին անել՝ ինչ մտքով անցներ, դարձավ այդ «ազգ» կոչեցյալի ոչ միայն անսանձ հայատյացության, այլև թերարժեքության զգացումից ազատվելու սևեռուն մոլուցքի ամենահամոզիչ դրսևորումներից մեկը։

Սակայն մի քանի ամիս անց՝ այն բանից հետո, երբ Հայաստանը դիմեց ՄԱԿ-ի միջազգային դատարան, Ալիևն այնուամենայնիվ ստիպված եղավ հեռացնել մանեկեններն ու սաղավարտները։ Հայերին, թեկուզ մանեկենների տեսքով, ծանակելու տենչն ու տառապանքներ պատճառելու չմարող մարմաջը մնացին չբավարարված կամ մասամբ բավարարված։

Տրամաբանական է ենթադրել, որ հենց այդ ժամանակ էլ կայացվել է ռազմագերիներին չվերադարձնելու որոշումը։ Եվ ոչ միայն նրանց մշտապես ծանակելու համար։ Մի կողմից՝ հայերի մեջ մշտական հոգեբանական լարվածության, նվաստացման, անզորության, անօգնականության զգացումը պահպանելու, մյուս կողմից՝ սեփական գերազանցությունը, ամենաթողությունն ու անպատժելիությունը ցուցադրելու նպատակով։ Սա լոկ այն է, ինչն ընկած է մակերեսին, իսկ այդ երևույթի ավելի խոր ուսումնասիրությունը, իհարկե, մարդաբանների և էթնոհոգեբանների գործն է։

Առևանգված զինծառայողների «դատը» հենց Սումգայիթում անցկացնելը նույն շարքից է և թելադրված է նույն գազանային բնազդներով։ Քանզի միայն իր անմարդկայնությամբ մոլեգնող և կենդանական հայատյացության վրա սևեռված «միտքը» կարող էր նման այլասերում ծնել։ Թերարժեքության բարդույթը շարունակում է հետապնդել Ալիևին ու իր հպատակներին, այժմ արդեն, պետք է խոստովանել՝ միանգամայն արդարացիորեն, վախ ծնելով հայկական ռևանշի անխուսափելիության հանդեպ։

Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է…