Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հայաստանն այսօր` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը: Այսօր երկրում ոչ աշխատանքային օր է։

1995 թ.–ի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր։

Երկրի «Մայր օրենքը» երկու անգամ բարեփոխվել է` 2005 և 2015 թթ.–ին։ 12 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում է այլ պետական մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում ավելացավ ՀՀ ԱԺ–ի դերակատարությունը։

Սահմանադրությունն արմատապես փոխվեց 2015 թ.–ին։ Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 6–ին։

Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ըստ նոր Սահմանադրության, ՀՀ նախագահը, որի լիազորությունները զգալիորեն սահմանափակվեցին, ընտրվում է 7 տարի ժամկետով խորհրդարանի կողմից։ Միևնույն մարդը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ։

2017 թ.–ի մարտի 1–ին ԱԺ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները, ըստ որոնց` հուլիսի 5-ն այսուհետև ոչ միայն Սահամանադրության օրն է, այլև պետական խորհրդանիշերի։

Նովոստի–Արմենիա