Տոնոյանը խնդրում է թույլ տալ մասնակցել 44–օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: Այս մասին ասված է Տոնոյանի հայտարարության մեջ, որը նա տարածել է կալանավայրից։
«Քննիչ հանձնաժողովի» նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ,որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,– իր հայտարարության մեջ նշել է Տոնոյանը:
2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ նա ներկայացրել էր կասկածներ ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք, ըստ նրա, հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց իր հրապարակային առաջարկը՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իր մասնակցությամբ:
Իր միջնորդության մեջ Դավիթ Տոնոյանը մասնավորապես նշել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ցանկանում է մասնակցել, քանի որ քննարկվում է նաև իր` որպես նախկին պաշտպանության նախարարի գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ` շատ ասելիք ունի հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ հանձնաժողովի, թե՛ հանրային պահանջ` իր մասնակցությունն ապահովելու վերաբերյալ:
«Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից: Միաժամանակ նշեմ, որ հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,– իր հայտարարության մեջ նշել է ՀՀ նախկին պաշտպանության նախարարը:
Դավիթ Տոնոյանը հատարարել է, որ եթե իր այս հնարավորությունը սահմանափակվի, ապա դա իր կողմից կդիտարկվի որպես իր սահմանադրական իրավունքների խախտում: