ՀՀ դատախազություն․ Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, և միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։

Ըստ նրա` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան։