Արցախում երկու երեխա է մահացել Ադրբեջանի շրջափակման հետևանքով
Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Արցախում գրանցված ողբերգական դեպքին։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան զոհվել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում դրա հետ չի կարելի համակերպվել»,– գրել է Միրզոյանը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Sputnik Արմենիա