Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:

Արցախի նախագահի աշխտակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և  Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:

Ելնելով իրավիճակից՝ Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ: