Փաստաբան․ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նա բժշկական միջամտության կարիք ունի

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Նա բժշկական միջամտության կարիք ունի: Քիչ առաջ տեղեկացա, որ նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք կա: Նա սրտի հետ կապված վիրահատություն է տարել, հնարավոր է, որ պատճառը դա է»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելու լուրերին՝ Մարտիրոսյանն ասաց. «Ես հաստատում եմ, որ Բալասանյանի վրա կան մարմնական վնասվածքներ, որոնք բժշկի կողմից արձանագրված են»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։