Քիսինջեր․ ԱՄՆ-ն և Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ
Պատմությունը մշտապես ցույց է տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ։ Այս մասին Պեկինում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«Ժամանակակից աշխարհում մարտահրավերները գոյություն ունեն հնարավորությունների հետ միասին, Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է վերացնեն բոլոր թյուրիմացությունները, խաղաղ գոյակցեն և խուսափեն առճակատումներից։ Պատմությունն ու պրակտիկան մշտապես ցույց են տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ»,-ասել է նա։
Քիսինջերը նաև նշել է, որ եթե երկու երկրների միջև պատերազմ սկսվի, ապա այն որևէ նշանակալի արդյունքի չի բերի կողմերից ոչ մեկին:
«Երկու կողմերն էլ պետք է իմաստություն դրսևորեն, աշխատեն և զարգանան միասին։ Երկու երկրների բանակները պետք է ուժեղացնեն փոխգործակցությունը, գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի դրական արդյունքների հասնեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար և պահպանեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում»,-ասել է նա։
News.am