Հայաստանյան 20 հեռուստաընկերություն ՀՀՌՑ–ից պահանջում են դադարեցնել անջատումները

Հայաստանյան 20 հեռուստաընկերություն համատեղ հայտարարություն են տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։

Առաջարկվում է շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, կառավարության, ՀՌՀ-ի (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

«Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի»,– նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ–ի կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։

Նշվում է նաև, որ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ Արդյունքում հեռուստաընկերությունների համար գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը»,– դժգոհություն է հնչում հեռուստաընկերություններից։

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Հայտարարությունը ստորագրել են հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝

- Երկիր մեդիա ՀԸ

- Կենտրոն ՀԸ

- Շանթ ՀԸ

- Ա-ԹիՎի ՀԸ

- Արմենիա Թի-Վի ՀԸ

- Բուն Թի Վի ՀԸ

- Նուռ ՀԸ

- Նոր Հայաստան ՀԸ

- 5-րդ ալիք ՀԸ

- Ֆրի Նյուզ ՀԸ

- 21 ԹիՎի ՀԸ

- Դելտա ԹիՎի ՀԸ

- Արարատ Թիվի ՀԸ

- Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ

- Գեղամա ՀԸ

- Ֆորտունա ՀԸ

- Կոտայք Թի Վի ՀԸ

- Ցայգ ՀԸ

- Սյունիք ՏՎ ՀԸ

- Տավուշ ՏՎ ՀԸ

Հիշեցնենք`ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:

Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի, խոսքը գնում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններին:

Sputnik Արմենիա