ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնություն ու անվտանգության երաշխիքներ տրամադրելը, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
«ԱԳՆ խորհրդի նիստը կմեկնարկի աշխատանքային նախաճաշով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի մասնակցությամբ։ Այնուհետև կսկսվի ԱԳՆ խորհրդի հիմնական նիստը, որը նվիրված կլինի երեք թեմաների՝ Ուկրաինայի հակամարտությունը, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական գործոնին, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններին», - հայտնել է աղբյուրը։
Նա նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին ԵՄ արտգործնախարարները հարցերի լայն շրջանակի շուրջ մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նշվում է, որ Բլինկենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, բայց ակնհայտ է, որ Ուկրաինայի հակամարտության և Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ քննարկումներ են լինելու:
Նա չի բացառել, որ այդ զրույցի ընթացքում կարող է բարձրացվել նաև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման ու Վիլնյուսում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի արդյունքներով որոշումների հարցը:
Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցերը, այդ թվում՝ Չինաստանը, հուլիսի 17-18-ը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ կայացած գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Թունիսի խնդիրը:
Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի մասին քննարկման ժամանակ արտգործնախարարները մտադիր են անդրադառնալ թուրքական ընտրությունների արդյունքներին:
«Սա ընդհանրապես լավ առիթ է քննարկելու մեր երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը այդ երկրի հետ, որը նաև ԵՄ թեկնածու է», - նշել է նա:
ԵՄ երկրների արտգործնախարարների նիստը Բրյուսելում կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ամփոփիչ մամուլի ասուլիսը սպասվում է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից հետո:
Sputnik Արմենիա