ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑՎԻ

Երեկ սոցցանցերում տարածվեցին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի լուսանկարները. թերսնման պատճառով հղի կնոջ ինքնազգացողությունը վատացել է մարդկանցով լեփ-լեցուն ավտոբուսում: Նրան իջեցրել են և սկսել օգնություն ցուցաբերել, մինչև որ հասել է շտապօգնությունը: Փոխաջակցություն, կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր մյուսներից ավելի են տուժում շրջափակումից ու աղետալի իրավիճակից, պատրաստակամություն՝ անշահախնդիր կիսելու ծայրահեղ կարիքավորների հետ այն ամենը, ինչ դեռ կա. բարձրագույն մարդասիրության և մարդկայնության օրինակները ողջ աշխարհից կտրված և ծանրագույն փորձությունների միջով անցնող Արցախում լիառատ են, մինչ աճում է աշխարհի և, ցավոք, Հայաստանի բնակչության բավական զգալի մասի անտարբերությունն ու ցինիզմը…

Դրա նախորդ օրը սոցցանցերում եվ ԶԼՄ-ներում տարածվել էին Ադրբեջանում անցկացված հարցման տվյալները, որի հարցը հնարավոր չէր լինի քննարկման դնել աշխարհի որևէ այլ երկրում: Այն հնչում էր մոտավորապես հետևյալ կերպ. ի՞նչ կանեք 2025 թվականին՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո (ըստ երևույթին, այդ հարցն արդեն լուծված է համարվում Բաքվում), եթե «Խանքենդիի» փողոցներում հանդիպեք հայերեն խոսող հայ երեխայի։ 32%-ը պատասխանել է, որ «շափալախ կտա», 4%-ը՝ կկտրի լեզուն, 17%-ը՝ կվաճառի ստրկության, 22%-ը՝ կացնով կտոր-կտոր կանի ու կնետի շներին։

25%-ը քիչ թե շատ «մարդասեր» են գտնվել և հայտարարել, որ նկատողություն կանեն. այն բանի համար, կրկնեմ, որ հայ երեխան Արցախում խոսում է մայրենի լեզվով։ Պատասխանների մեծ մասի խորապատկերին սա, ըստ երևույթին, պետք է համարել ադրբեջանական հանդուրժողականության գագաթնակետը, ինչպես նաև անթաքույց ակնարկ, որ Ալիևի ռեժիմը մտադիր չէ նույնիսկ մայրենի լեզվով խոսելու իրավունք տալ հայերին։

Երևանի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Արցախում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար աղետը: Հիմնական զեկուցողը ՀՀ դե ֆակտո արտգործնախարարն էր, որն իր խոսքում թվարկել է բոլոր այն զրկանքներն ու փորձությունները, որոնց միջով այսօր անցնում է հանրապետության ժողովուրդը: Միրզոյանն անվանել է Ադրբեջանի գործողությունները «ապօրինի և անմարդկային» և հայտարարել, որ Բաքուն ոչ միայն ոտնահարում է «մարդու հիմնարար իրավունքները և ժողովրդի արժանապատվությունը, այլև մտադիր է ստեղծել կյանքի անտանելի պայմաններ՝ ձգտելով էթնիկ զտման»:

Նիկոլի թիմակիցը նույնիսկ համարձակվել է մեջբերել իր շեֆի բարեկամ Իլհամ Ալիևին, որն օրերս հերթական անգամ սպառնալիքների ու անընդունելի պահանջների տարափ հասցեագրեց արցախահայությանը։ Ընդ որում Միրզոյանը ջանադրաբար խուսափում էր հայերեն Արցախ բառից, չենք խոսում արդեն Արցախի Հանրապետության մասին, ինչպես նաև «ցեղասպանություն» եզրույթից, թեև հենց այդ հանցագործությունն է, ՄԱԿ-ի կոնվենցիայի բնորոշմանը լիովին համապատասխան, այսօր իրականացնում Ադրբեջանը:

Ինքնին հասկանալի է, որ «ՀՀ ԱԳՆ ղեկավարն» այդպես էլ չասաց գլխավորը. հենց այն պատճառով, որ իր ներկայացրած ռեժիմը «պատրաստ է Ադրբեջանի մաս ճանաչել հայկական Արցախը», հնարավոր դարձավ այսօրվա ողբերգությունը։ Եվ հենց այդ փաստի պատճառով է, որ Միրզոյանի, իր շեֆի և իրենց թիմակիցների ճամարտակությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի շրջանակներում, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով», այլևս ոչ մեկին չի համոզում, չի մոլորեցնում և ոչ մի կերպ չի խոչընդոտում Ադրբեջանի սանձարձակ կամայականությանը։ Ընդհակառակը, տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ բացեիբաց խոսում են այդ մասին ամեն հարմար առիթով՝ մատնանշելով Հայաստանի դե ֆակտո իշխանություններին որպես ստեղծված աղետալի իրավիճակի գլխավոր մեղավորների։

Նույնքան ջանադրաբար Միրզոյանը շրջանցեց եվս մեկ հարց. եթե այսօր, երբ դեռ չկա ստորագրված փաստաթուղթ (համենայնդեպս հանրությանը հայտնի չէ այդ մասին) Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, և այնտեղ դեռ կանգնած են խաղաղապահները, Բաքուն արդեն այդպիսի պահվածք է ցուցաբերում, ապա ի՞նչ է սպասվում հայերին, եթե փաշինյանական ոհմակի ջանքերով նման փաստաթուղթ ստորագրվի, իսկ ՌԽԶ-ն ստիպված հեռանա Արցախից։

Հատուկ նիստին ելույթ ունեցավ նաև ԱՄՆ ներկայացուցուցչուհին, որը ցուցաբերեց ցինիզմի այն նույն աստիճանը, որ ավելի վաղ դրսևորել էին ՀՀ-ում այդ երկրի դեսպանը, ինչպես նաև Պետդեպարտամենտի ներկայացուցիչները։ Իսկ բացի այդ, նա ցույց տվեց նաև արտաքին գործընկերների հետ «պրոֆեսիոնալ» Միրզոյանի գլխավորած հայկական «դիվանագիտության» աշխատանքի «արդյունավետությունը»։ Քանզի Քեթրին Բրաքերի ելույթն այնքա՜ն լղոզված էր, իրավական առումով այնքա՜ն կոնյունկտուրային. թվարկելով Հելսինկյան Եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքները (հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից), նա չգիտես ինչու «մոռացավ» երրորդ հիմնարար և մյուս երկուսին համարժեք սկզբունքը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ընդ որում Բրաքերը նախազգուշացրեց, որ Արցախում իրավիճակի վատթարացման ռիսկեր կան, բայց գործնականում բաց տեքստով խոստովանեց, որ ԱՄՆ-ը մտադիր չէ որևէ բան ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար: Միակ բանը, որին ընդունակ գտնվեց «աշխարհի ամենաժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպան երկիրը», երեսպաշտորեն կոչ անելն էր կողմերին «զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԵԱՀԿ-ում նրա պատվիրակությունը Twitter-ում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ. «Ռուսական կողմը հաստատում է իր տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը»: Նույնը ավելի վաղ հայտարարել էր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան. չեզոք, անհասկանալի, անորոշ։

Հիմա հարց. ինչի՞ համար էր պետք պահանջել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ անցկացնել, եթե վաղուց արդեն պարզ է, որ միայն ճամարտակությամբ հարցը ոչ մի կերպ չի լուծվի: Այդ կարգի միջոցառումները կարող են արդյունավետ լինել միայն այլ, ավելի գործուն և վճռական քայլերի համակցությամբ, որոնք տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ բազմիցս առաջարկել են ՀՀ դե ֆակտո իշխանություններին, բայց այդ առաջարկները վերջիններիս կողմից որևէ արձագանքի չեն արժանացել։

Եթե Բաքուն անտեսում է անգամ միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ-ի դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ի՞նչ կարող է տալ Միրզոյանի դատարկախոսությունը ԵԱՀԿ-ում։ Ի դեպ, այդ կազմակերպությունը պատասխանատվության իր և բավական մեծ բաժինն ունի Արցախի ժողովրդի այսօրվա ողբերգության համար, լինելով միակ միջազգային կառույցը, որը ժամանակին ստացել է հակամարտության կարգավորման միջնորդի մանդատ, սակայն որևէ կերպ չի արձագանքել միջազգային իրավունքի բոլոր նորմերի և Մինսկի խմբի համանախագահների բոլոր ձեռքբերումների կոպտագույն խախտումներին Ադրբեջանի կողմից, սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և առ այսօր:

Եզրահանգումը մեկն է. Փաշինյանին ու Միրզոյանին պարզապես պետք է «ներկա ստանալ» և տպավորություն ստեղծել, թե իբր՝ անում են ամեն հնարավորը։ Իրականում իսկապես արդյունավետ քայլեր կատարել չցանկացող ՀՀ դե ֆակտո իշխանությունների գործնական անգործությունը լոկ նպաստում է իշխող ՔՊ կուսակցության և Ալիևի համատեղ ծրագրի իրականացմանը, այն է՝ հայկական Արցախի ոչնչացմանը։ Այն հարցը, թե իսկապես ցանկանո՞ւմ է արդյոք փաշինյանական կառավարությունը, որ միջանցքը բացվի, վաղուց արդեն չի կրում հռետորական բնույթ և ունի մեկ՝ բացասական պատասխան։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ հայտարարել է, որ «իրավիճակը չի լուծվի, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն հասկացել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»: Ներսիսյանը իրավացի է, բայց նա լռում է գլխավորի մասին. «Հայաստանի իշխանությունները» իրենից ոչ պակաս հասկանում են ամեն ինչ։ Այլ բան է, որ իրավիճակի հանգուցալուծումն ի նպաստ հայ ժողովրդի շահերի նրանց ծրագրերի մեջ չի մտնում, ուստի նրանք երբեք հրապարակավ չեն նահանջի իրենց հակահայկական դիրքերից։ Իսկ դա նշանակում է, որ միակ ելքը մնում է օկուպացիոն ռեժիմի հեռացումը և իշխանության փոխանցումը նրանց, ովքեր միտք անգամ չեն հանդուրժի ճանաչել հայկական Արցախը հանցավոր, ահաբեկչական և արհեստականորեն ստեղծված պետության մաս:

Խմբագրության կողմից- Հոդվածը գրվել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի ելույթի հրապարակումից առաջ