Նատալյա Արզաքանցյանը այլևս Երևանի քաղաքապետի թեկնածու չէ

Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) չի գլխավորի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակը ավագանու առաջիկա ընտրություններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։

Կուսակցության ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։

Իսկ Նատալյա Արզաքանցյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության ավագանու ցուցակում կլինի երկրորդը։

«Նելլի Հարությունյանը ունի աշխատանքային մեծ փորձ, լավ ընտանիքի մայր է, հայրենասեր է, հուսով եմ իր աշխատանքային փորձը նա կներդնի գեղեցիկ Երևանը ավելի գեղեցիկ կառուցելու համար»,– ասել է կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

Նելլի Հարությունյանը մոտ 30 տարի աշխատել է ՀՀ դատախազությունում, որպես միջազգային իրավական բաժնի պետ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, Արդարադատության գեներալ-մայոր:

Ընդամենը երկու օր առաջ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը հայտնել էր, որ համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։

Sputnik Արմենիա