ԱՐՑԱԽԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԾՐԱԳԻՐ-ՄԻՆԻՄՈՒՄ»-ն Է

2022 թվականի հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ հայաստանցի զորակոչիկները չեն ծառայելու Արցախի Հանրապետությունում։ Փաշինյանը կատարեց Ալիևի պայմանը, այդ իսկ պատճառով օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 9-ից ադրբեջանցիներն արդեն գրոհում էին շփման գիծն Արցախում։ Օգոստոսի 3-ի սադրանքի հետևանքով Արցախում զոհվեց 2, վիրավորվեց 14 մարդ: Ադրբեջանցիները ամրացան Եղցահող գյուղի բարձունքում, լրագրող Նաիրի Հոխիկյանը հաղորդեց Բերձորից բնակչությանը վտարելու փորձի մասին։ Օգոստոսի 5-ին ռուս զինվորականներն ուժեղացրեցին դիրքերը հայ-իրանական սահմանին, օգոստոսի 8-ին Բաքվից սպառնացին, որ բախումը կարող է վերսկսվել ցանկացած պահի

Հաշված օրեր անց Բերձոր քաղաքից, Սուս եվ Աղավնո գյուղերից սկսեցին լուրեր ստացվել, որ բնակիչները հավաքում են իրերը, որպեսզի մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները: Մեկ տարի առաջ այս օրերին ոչ մեկին չէին հետաքրքրում հղումներն առ այն, որ տվյալ տարածքներից բնակչության ելքը նախորոշված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ադրբեջանցիներն իրենց ցուցադրաբար լկտի էին պահում, պահանջելով, որ հայերն անհապաղ լքեն իրենց տները։ Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը օգոստոսի կեսերին հայտնեց, որ քաղաքում խուճապ չկա, շատերն արդեն դուրս են բերել իրերի մի մասը և վերադարձել մնացած ունեցվածքի հետևից: Նրա խոսքերով, տեղի իշխանությունը ապահովել է մարդկանց բեռնատարներով, իսկ կառավարությունը՝ ֆինանսական օգնություն տրամադրել։ Խոսքը Արցախի կառավարության մասին է։

Չնայած Հայկ Խանումյանի կոչին, օգոստոսի 14-ին Բերձորի բնակիչներից մեկը հրկիզեց իր տունը, ամսվա կեսին քաղաքն արդեն լքել էր մոտ 6 ընտանիք, մնացածները (մոտ 60 ընտանիք) դեռ ինչ-որ բանի հույս ունեին... Հույսը մարեց, երբ օգոստոսի 18-ին Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվեց վերջին պատարագը:

Դրան նախորդել էր օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունը, որը 16 մարդու կյանք խլեց, մեկը մինչ օրս համարվում է անհետ կորած: Օգոստոսի 17-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե տոնավաճառում տեղի ունեցած պայթյունն ու հրդեհը ահաբեկչության հետևանք չէին: Գրեթե միաժամանակ Եգիպտոսում Սուրբ Աստվածածնի և Խաղողօրհնեքի տոնը նշելիս եկեղեցում հրդեհ բռնկվեց, որը 41 մարդու կյանք խլեց: Պատահականությո՞ւն։ Գուցե։ Բայց դժվար թե որևէ մեկը կասկածի տակ առնի այն փաստը, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան Բերձորից, Սուսից և Աղավնոյից բնակչության հոժարակամ արտագաղթի անմիջական հետևանքն էր: 2022 թվականի օգոստոսից հետո եկավ սեպտեմբերը

2021-ին Փաշինյանն առանց գեթ մեկ կրակոցի հանձնեց Սև լճի և Իշխանասարի հարակից տարածքները։ Մայիսի 12-ի «պայմանավորված» ներխուժմանը հաջորդեց ինքնիշխան պետության տարածքի սողացող բռնազավթումը, այն չկասեցրեց նույնիսկ 2021թ. նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ալիևը որոշեց արագացնել բռնազավթումը ռազմական ճանապարհով։ Արդյունքում հայկական կողմը հարյուրավոր զոհեր տվեց, մարտական դիրքերի 90 տոկոսն անցավ ադրբեջանցիներին։ Սեպտեմբերի 28-ին կայացած մամլո ասուլիսում Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց «խորը ճգնաժամ», երբ իշխանությունն ի վիճակի չէ ապահովել ժողովրդի անկախությունն ու անվտանգությունը:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի ներառմամբ։ ճանաչմանը։ Հոկտեմբերի 9-ին Երևան ժամանեց նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Փաշինյանը բացատրեց Արցախում իր դրածոյին, թե ինչ և ինչպես է պետք անել, որպեսզի համաժողովրդական ընդվզման պոռթկում չառաջանա։ Այնուհետև մի մեջբերում ներկայացնենք այն մասին, որ Լաչինի շրջափակումը նույնպես պայմանավորված բնույթ է կրում։ Մեջբերումը քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի հրապարակային ելույթից է։

«Շրջափակման համաձայնեցված բնույթի մասին կարելի է դատել դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած երեք գործընթացների համընկնումով։ Առաջինը կապված է եվրոպական ամբիոններից մեկից Ադրբեջանի արտգործնախարարի արած այն հայտարարության հետ, թե «մեզ համար կարգավորման միակ ընդունելի տարբերակը բրյուսելյան բանաձևն է և 5 առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք Հայաստանի կառավարությանը»։ Նույն օրը Հայաստան ժամանեց Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարը և հանդիպեց վարչապետի հետ, որից անմիջապես հետո փակվեց Բերձորի միջանցքը: Զուգահեռաբար Հայաստանում և Ադրբեջանում սկսեցին մեղադրել ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանցիները մեղադրում էին անօրինական տեղաշարժերի համար, իսկ հայկական կողմի մեղադրանքները հանգում էին նրան, թե խաղաղապահները չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները»,- փաստեց քաղաքագետը։

Արցախի սովահարության գագաթնակետին Փաշինյանը (հուլիսի 21-ին) «Ֆրանս Պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանից, դրանով իսկ բացահայտելով հավաքական Արևմուտքի կողմից իրեն թելադրված «ծրագիր-մաքսիմումը», առանց հաշվի առնելու 120 հազար արցախահայության շահերը։

Արցախը սովի մատնելը ազգային շահերի դավաճանության Փաշինյանի ուղեգծի շարունակությունն է։ Ռեժիմի քարոզչամեքենան շշուկով տիրաժավորում է այն թեզը, թե հայաստանյան ընդդիմությունը չի աջակցում Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ վրեժ լուծելով այն բանի համար, որ Արցախի ընդդիմությունը չաջակցեց «Դիմադրություն» շարժման ակցիաներին 2022 թվականի գարնանն ու ամռանը։

Խնդիրը լուծելու փոխարեն ռեժիմի պարագլուխը խոսում է միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ապահովման միջազգային մեխանիզմների և Արցախում փաստահավաք խմբի առկայության անհրաժեշտության մասին... Հարց է առաջանում. իսկ ի՞նքը ինչով է զբաղվելու։ Այցելելու է անասնագոմեր և խոսելու ակադեմիական ավանի կառուցման մասի՞ն: Իսկ գուցե կամաց-կամաց քարոզելու է Աղդամի միջով առևտրի օգտի՞ն։ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն օրերս նախազգուշացում հնչեցրեց, որ Աղդամով անցնող ապրանքները կարող են թունավորված լինել:

Մենք ներկայացրեցինք իրադարձությունների մի հատված, որը հանգեցրեց Արցախում տիրող ներկա իրավիճակին։ Դե, իսկ աղետի մեղավորի անունն արդեն հնչեցվել է հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանի ամբիոնից։ Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ձախողումից հետո, որոնք հերթական անգամ ցույց տվեցին ռեժիմի ապիկարությունը ազգային հարցերի լուծման գործում, Փաշինյանը պարտավոր էր հրաժարական տալ։ Ավաղ, նա այդ քայլին չի գնա նույնիսկ այն դեպքում, եթե Արցախում քաղցից ուշագնացություններին հաջորդեն սովամահության դեպքերը։ «Ազգի գերեզմանափորը» (Տեր-Պետրոսյանի բնորոշումը) պար կգա ոսկորների վրա, թեև նրան հայտնի է, որ Հայաստանում իշխանության կարող են գալ բանիմաց մարդիկ, որոնք կկարողանան վերացնել Արցախի շրջափակումը, կասեցնել ահագնացումը և կանխել հարյուրավոր ու հազարավոր հայրենակիցների մահը, բայց Փաշինյանը դա թույլ չի՛ տա։

Վարչապետի աթոռին նստած մարդը վարում է Արցախի և Հայաստանի ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, փորձելով ժողովրդին դարձնել գլոբալ ոճրի իր հանցակիցը։ Արցախը սովի մատնելը նրա «ծրագիր-մինիմում»-ն է, իսկ մաքսիմում ծրագիրը ՀՀ-ի ելքն է ՀԱՊԿ-ից, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի փակումը և տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության վերացումը՝ նույնիսկ հայկական երկու պետությունների ոչնչացման գնով...