Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի
Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի։ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ արդեն առանձին երկկողմ բանակցություններ է վարել կողմերի հետ։ Այս փուլում կողմերը կշարունակեն ջանքեր ներդնել` լուծելու այն խնդիրները, որոնք բխում են Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություններից՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Իսկ ավելի լայն ձևաչափով կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
«Մենք կողմ ենք, որ այդ բոլոր եռակողմ պայմանավորվածություններն ամբողջությամբ, փոխկապակցվածությամբ կյանքի կոչվեն», - ասել է Լավրովը:
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի ջանքերն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորմանը և հումանիտար խնդիրների լուծմանը, տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմանը, քաղաքացիական հասարակությունների, փորձագետների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմանը:
Նա գործընկերներին առաջարկել է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համաձայնեցման հարցում՝ օգտագործելով փորձագիտական ներուժն ու մեր ընկերների հետ բարի հարաբերությունները: Հուսով եմ, որ մենք նման պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում կքննարկենք այդ հարցերը», - եզրափակել Է Լավրովը:
Sputnik Արմենիա