Վարդան Սարգսյան․ Նպատակը հումանիտար բեռները ԼՂ հասցնելն է, այլ ոչ թե ակցիա անելը
Առաջնային նպատակը մարդասիրական 400 տոննա բեռով 19 բեռնատարի մեկնումն է շրջափակված Արցախ, այլ ոչ թե ինչ–որ ակցիաներ անելը։ Շահումյան հրապարակում, որտեղ տեղակայված էին բեռնատարները, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կառավարության առընթեր՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–երի հրապարակումներին, թե այդպիսով հայկական կողմը փորձում է սադրանքներ իրականցնել։
«Մեր առաջնային նպատակը հումանիտար բեռների միջոցառում իրականացնելն է։ Չեմ կարծում, որ ԼՂ–ում սովի և հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում դա կարելի է համարել սադրանք։ Մեր նպատակը հումանիտար բեռները ԼՂ հասցնելն է, այլ ոչ թե ակցիա անելը, ինչպես պնդում են ադրբեջանական ԶԼՄ–երը»,– ընդգծեց նա։
Հումանիտար բեռները շրջափակված ԼՂ հասցնելու համար, նրա խոսքով, դիմել են ռուս խաղաղապահ ուժերին։
«Սնունդ, հումանիտար բնույթի բեռ ուղարկելուց հուսով ենք՝ խնդիրներ չեն առաջանա»,– նկատեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բեռը տեղ հասցնելու և ադրբեջանական անցակետն անցնելու երաշխիքներին, ապա նա նշեց, որ այդ մասին հիմա ավելորդ է խոսել` հաշվի առնելով ավելի քան 225–օրյա շրջափակումը։
Մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաները Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվեցին Արցախ։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը։ Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Sputnik Արմենիա