Ադրբեջանը մեղադրում է Հնդկաստանին «Հայաստանը ռազմականացնելու» մեջ

Ադրբեջանը մեղադրում է Հնդկաստանին «Հայաստանը ռազմականացնելու» մեջ և կոչ է անում վերանայել սպառազինությունների մատակարարման որոշումը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։

Հաջիևի խոսքով՝ «այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին, Հնդկաստանի կողմից մահասփյուռ զենքի մատակարարումներն այդ երկիր բացում են Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման ուղին, խոչընդոտում են կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

«Դա չի համապատասխանում Հնդկաստանի արտաքին քաղաքականությանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, ինչպես նաև Չմիանալու շարժման պատմական «Բանդունգյան սկզբունքներին», որին միացել է Հնդկաստանը»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել «պաշտոնական Դելիին տեղեկացնել ադրբեջանական կողմի լուրջ անհանգստության մասին և վերանայել Հնդկաստանի որոշումը Հայաստան մահասփյուռ զենք մատակարարելու մասին»։

Նշենք, որ Ադրբեջանն ինքը պարբերաբար գլուխ է գովում ռազմական բյուջեի ավելացման առնչությամբ։

News.am