Տեր-Պետրոսյան․ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում 2017թ․ իր խոսքերն է հիշեցրել։ Նա գրել է․
«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաև Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձևավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել և տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլև իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, և այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում:
Լևոն Տեր-Պետրոսյան, 2017թ․
Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում, 1995թ․»։
Aysor.am