Մահացել է 4 տարի կոմայի մեջ գտնվող, դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը

2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ՊՆ–ից։

Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։

ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունը հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է եղել Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը 2019թ-ի սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։