Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով և մտքեր փոխանակել տարածաշրջանային առավել արդիական հարցերի շուրջ:
Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը, ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ իրենց երկրների համագործակցության գործընթացը կառուցողական և դրական հուն ունի: Նա հաջողված է համարել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների` վերջերս կայացած հանդիպումը՝ նշելով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համաձայնագրերի կարևորությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է իրանցի գործընկերոջ Բաքու կատարած այցը և Իրանին շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում կառուցողական դիրքորոշման համար:
Կողմերը ապակառուցողական են որակել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունն ու միջամտությունը և շեշտադրել տարածաշրջանային խնդիրները հենց տարածաշրջանի երկրների կողմից լուծելու կարևորությունը:
Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը` Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։
Sputnik Արմենիա