Ներսիսյան․ Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նույն երթով ՀՀ տեղափոխվող քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
Ներսիսյանը նշել է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ–ի միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացը և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին։ Սա, ըստ նրա, հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։
«Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները։ Այս ամենը ցանկացած գնով պետք է կանխվի»,– ընդգծել է Արցախի պետնախարարը։
Ներսիսյանը հայ ժողովրդին կոչ է արել արթնանալ ու դեմ կանգնել այս ամենին։
Sputnik Արմենիա