Արցախից տեղահանվածներն կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախից տեղահանվածներն այսօր՝ հուլիսի 31-ին, կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ: «Արցախցիների սոցիալական խնդիրներ շատ են, բայց այսօրվա հիմնական պահանջն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում, Արցախի ինքնորոշման ճանաչում: Ընդ որում դա պետք է լինի զուգահեռ, ուրիշ փրկություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։

 

Նրա խոսքով, Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չկա. «Մեռնելն է հե՞շտ, թե՞ փորձելը: Միանգամից նաև պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, որովհետև քանի դեռ Արցախը Ադրբեջանի կազմում է, այդ միջանցքը Ադրբեջանը կարող է դրսի հրամաններով բացի, երկու օր հետո փակի: Այսինքն մինչև մեր սուվերենիտետը այնտեղ չհաստատվի, ճանապարհ բացել-փակելը ոչինչ չի տա: Բայց այս պահին արագ պետք է բացել միջանցքը, օգնության հասնել Արցախի ժողովրդին, սովից չմեռնեն, զուգահեռաբար սկսեն իօնքնորոշման ճանաչումը: Եթե ասում են՝ չեն կարողանում, ապա թող հեռանան, մեր գլուխը չցավացնեն: Ի վերջո պատասխանատվության ժամը գալու է, եթե քո գործը չես անում, ուրեմն պատասխանատվության պիտի ենթարկվես»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն առևանգելուն, Լևոն Հայրիյանն ասաց, որ եթե որոշ մարդկանց համար Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անսպասելի էր, ապա Ալիևի հռեոտորաբանությունից արդեն պարզ էր, թե Ադրբեջանն ինչի է պատրաստ. «Այն, ինչ հիմա անվանում են ինտեգրացիա, Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու։ Դա է, Ալիևը ցույց է տալիս ճանապարհը: Եթե ընդունում ենք, դառնում ենք ղազ: Եթե չենք ուզում ղազ լինել, Ալիևին չենք ընդունում, ռուսի խաղաղարարությունը չենք ընդունում, միջազգային հանրության դեսպան Քվինի ապուշ հայտարարությունը չենք ընդունում և վերջ: Մենք պետք է ունենանք սեփական թասիբ և դրա հետևից գնանք: Այո, թոթղ գնան երկխոսության, բայց երկխոսության գնացողը պետք է իմանա, որ Արցախի ինքնորոշումից ցածր կարգավիճակ չպետք է լինի: Դրանից ներքև չի կարելի խոսել»,- ասաց նա։

News.am