Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վարույթով մեղադրվում է նաև դիրքի ավագը

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակին հարակից տարածքում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Զինծառայողի կողքին ընկած էր եղել նրան ամրակցված գնդացիրը:

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ մեղադրանք է ներկայացվել նրա համածառայակցին` Ա.Հ.–ին, վերջինս կալանավորվել է։

Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։

«Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար ՏՍ-ն, տեղեկանալով զինծառայող ԱՀ-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, դիրքի ավագը գնդացիրը դրել է ՄԳրիգորյանի մարմնի կողքին։ Նրա հրահանգով ԱՀ-ն համածառայակիցներին, զորամասի սպաներին և իրավապահ մարմիններին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելով։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ ՏՍ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի (Հանցանք կատարած անձին աջակցելը) 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Sputnik Արմենիա