Էրդողանը Բայրամովին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարևորության մասին, հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալը մինչև նախատեսված 15 մլրդ դոլար ավելացնելու ջանքերը հաջողությամբ շարունակվում են: Նա ընդգծել է, որ երկու երկրների շահերից է լիարժեք համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Նշելով անդրկասպյան երկաթուղու և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությունը՝ Էրդողանը նշել է այդ ճանապարհների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

Նա կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացումը» և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ իրականացումը։

News.am