ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության համար

Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամով ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարին Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։

ԵԽ պատգամավորները նշել են, որ Բաքուն խախտում է ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև չի կատարում Արդարադատության դատարանի փետրվարի 23-ի որոշումը, որով պետք է ապահովի միջանցքի անխափան երթևեկությունը:

«Գրեթե 8 ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տառապում է շրջափակման հետևանքներից՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և ԿԽՄԿ-ի մարդասիրական մատակարարումների շնորհիվ: Ադրբեջանի կողմից շրջափակման երկարաձգումը և մարդասիրական մատակարարումների արգելքը հանգեցրել են սննդամթերքի, կենսական անհրաժեշտության իրերի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի։ Իսկ վառելիքի պակասի պատճառով խաթարվել է տեղական արտադրությունների աշխատանքը և ապրանքների առաքումը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչներ բախվում են հումանիտար ճգնաժամի հետ, որը հրատապ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից»,– ասված է հայտարարությունում։

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ լիովին աջակցում են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

«Տարածաշրջան Աղդամի միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը կապված չէ նրա գոյություն ունեցող պարտավորությունների հետ, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Մարդասիրական օգնությունը պետք է մտնի ԼՂ, իսկ մուտքի ցանկացած խոչընդոտ միջազգային իրավունքի խախտում է»,– նշում են ԵԽ պատգամավորները։

Նրանք աջակցություն են հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին` տասնամյակներ տևող հակամարտության և շարունակվող ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծման հարցում։

Sputnik Արմենիա