Այո՛ ռազմարդյունաբերությանը, ո՛չ խնջույքին. ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա է
ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է գործադիր մարմնի նիստը, բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն Արցախի։ Ակցիան իրականացնում է «Կամք» նախաձեռնությունը, որը երկրի ղեկավարությունից պահանջում են զարգացնել ռազմարդյունաբերությունը։
«Մենք տեսնում ենք, որ անգամ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրվեց, ՀՀ պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացում։ Ուղիղ 1 տարի առաջ ադրբեջանցիները «Բայրաքթարներով» հարձակվեցին, ու մենք կրկին անպաշտպան էինք։ Պահանջում ենք ռազմարդյունաբերությունը դարձնել պետական քաղաքականություն, առաջին պլան»,– ասաց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։
Ցուցարարներն իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է` «Ո՛չ խրախճանքին ժանտախտի պահին», «Ո՛չ տեսարան–զվարճանքին», «Այո՛ ռազմարդյունաբերությանը» գրառումներով պաստառներ։
Չախալյանը շեշտեց, որ այս օրերին, երբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է դրել ու թույլ չի տալիս անգամ մարդասիրական օգնություն տանել Արցախ, ՀՀ տարածքում փառատոներ են կազմակերպվում, խնջույքներ են իրականացվում, համաշխարհային աստղեր են հրավիրվում ու մեծ գումարներ ծախսվում։
«ՀՀ–ում կան տարբեր խմբեր, որոնք փորձում են ԱԹՍ–ներ, հարձակողական, պաշտպանողական ռոբոտներ ստեղծել։ Մենք ասում ենք այո՛ ռազմարդյունաբերությանը և ո՛չ խրախճանքին ու խնջույքին։ Մենք դեմ չենք այլ երկրներից զենք գնելուն, բայց մեր պոտենցիալը պետք է օգտագործվի»,– նշեց նա։
Sputnik Արմենիա