ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ, կամ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ԵԿԵԼ ԼՈՒԻՍ ԲՈՆՈՆ

Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների թեման, որը համառորեն առաջ է մղում Փաշինյանի ռեժիմը՝ ամեն կերպ նիջրպետվելով Արցախի ճակատագրին որևէ մասնակցությունից, հուլիսի 31-ին հանկարծ կոնկրետ ուրվագծեր ստացավ։ Տիգրան Պետրոսյանը, որը վերջին ամիսներին բավական ակտիվորեն ներկայանում է «դեսիժն մեյքերի» (որոշումներ կայացնողի) դերում, անսպասելիորեն հայտարարեց օգոստոսի 1-ին Արևմուտքի միջնորդությամբ Բրատիսլավայում նախատեսված հանդիպման ձախողման մասին, որից ադրբեջանցիներն առանց որևէ բացատրության հրաժարվել են։

Ավելին, ինչպես պարզվեց, սա արդեն երկրորդ չկայացած հանդիպումն է. առաջինը նախատեսված էր հուլիսի սկզբին Սոֆիայում, կրկին ԱՄՆ-ի ու Եվրամիության միջնորդությամբ։ Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանին ոմն «պաշտոնական աղբյուր», կողմերը համաձայնության չեն եկել օրակարգի շուրջ: Տիգրան Պետրոսյանի խոսքերով, Սոֆիայում նախատեսվում էր Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հանդիպում։

«Ռուսաստանն, այդ ամենն իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել, և ամսի 25-ին հանդիպում էր կազմակերպել Լավրովը, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի էր, և որն իրոք ցույց տվեց Ռուսաստանի իշխանության այսօրվա քաղաքականությունը»,- հայտարարեց սույն գործիչը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ հանդիպումը կայանա իր տարածքում։ «Բաքուն արդեն մի քանի անգամ փորձում է պարտադրել՝ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների։ Մենք բոլորս գիտենք՝ ինչ է այնտեղ կատարվելու, որ որևէ բանակցություն-երկխոսություն չի կարող գնալ։ Նրանք եթե պարտադրում են մեզ գնալ այնտեղ, ապա պատկերացնում եմ՝ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու»,- հավելեց Պետրոսյանը։

Առայժմ մի կողմ թողնենք բուն այն փաստը, որ, ըստ էության, բոլոր վերջին ամիսներին ակտիվ բանակցություններ են ընթանում երկկողմ հանդիպում կազմակերպելու շուրջ և նույնիսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը նախընտրել են գաղտնի պահել դա։ Ուշադրություն դարձնենք, թե ով և ինչ ձևաչափով հաղորդեց սենսացիոն լուրը. ոմն Տիգրան Պետրոսյանը՝ իր ֆեյսբուքյան «ուղիղ եթերում»։ Բնավ ոչ արտգործնախարարը կամ նրա տեղակալը, ոչ պետնախարարը, ոչ էլ նախագահը կամ գոնե նրա մամլո քարտուղարը, այլ անհասկանալի անձնավորություն, որը չի վայելում ո՛չ առանձնակի համբավ, ո՛չ էլ առավելևս հեղինակություն ու հարգանք:

Ավելին, ինչպես պարզվեց, Ստեփանակերտում բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն եղել ընթացող բանակցությունների մասին։ Իսկ այ Տիգրան Պետրոսյանը տեղյակ էր, և Հարությունյանն ու Փաշինյանը հենց նրան են հանձնարարել հայտնել այդ մասին հանրությանը։

Մի քանի բառ Հակաճգնաժամային խորհրդի մասին, որն էլ գլխավորում է նշյալ կերպարը։ Այդ կառույցը ձևավորվել է Արցախի նախագահին առընթեր և օժտված է բավական լայն լիազորություններով։ Խորհրդի կազմն անհայտ է. նշվում է միայն ղեկավարի անունը, որն ինքն է ընտրել հինգ անդամներին: Նրանք բոլորն էլ իրավունք են ստացել մասնակցելու նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստերին (!), հանդիպումներին ու քննարկումներին: Իսկ ամենագլխավորն այն է, որ կոմիտեի խորհրդի մասնակցելու են «հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին»։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանի նշանակումը բացասական արձագանք և ներքաղաքական լարվածություն առաջացրեց Արցախում: Խորհրդարանական ընդդիմությունը, ի նշան բողոքի, հրաժարվեց մասնակցել դրան հաջորդած ԱԽ նիստին։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարեց իրենց այն կասկածների մասին, որ թե՛ Բաբայանը (խոսքը Սամվել Բաբայանի մասին էՄ.Գ.), թե՛ Պետրոսյանը ՀՀ իշխանությունների դրածոներն են Արցախում և նրանց գործունեությունն ուղղորդվում է Երևանից:

Այսպիսով, ակնհայտ է, որ ապրիլի կեսերին արդեն առարկայական բանակցություններ են ընթացել ենթադրյալ հանդիպումների վերաբերյալ, և Արայիկ Հարությունյանը ձևավորեց Հակաճգնաժամային խորհուրդը Տիգրան Պետրոսյանի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Վերջինս դուրսպրծուկի, բացահայտ ռուսատյացի համբավ ունի Արցախում և իսկապես համարվում է Արայիկ Հարությունյանի խոսափողը (կամ ծխածածկույթը) և Փաշինյանի քաղաքականության իրականացնողը։

Վերն արդեն նշել ենք, որ նույնիսկ բարձրաստիճան պետական պաշտոնյաները Ստեփանակերտում տեղյակ չեն եղել ընթացող բանակցություններից։ Այսպես, բավական ուշագրավ հարցազրույց է տվել Alphanews-ին Արցախի նախագահի խորհրդական, հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Խոստովանելով, որ ինքը տեղյակ չէ մանրամասներին, սակայն վստահ է, որ Բաքուն ցանկանում է բանակցել Արցախի ինտեգրման և փաստացի գաղութացման, համակենտրոնացման ճամբարի վերածման շուրջ, Բաբայանը նրբանկատորեն հրաժարվեց խոսել այդ գործընթացին Տիգրան Պետրոսյանի մասնակցության մասին՝ «շահարկումների դաշտ չմտնելու համար»։

Միևնույն ժամանակ, նախագահի խորհրդականը միանգամայն արդարացիորեն ընդգծում է, որ բանակցությունների պետք է գնան հմուտ, փորձառու մարդիկ։ «Այդ բանակցություններից կարող ենք շատ ավելի վատ հետևանքներ ունենալ, և այն, որ հենց այդպես է լինելու, հավանականությունը գրեթե 100% է։ Դիվանագիտությունը և աշխարհաքաղաքականությունը միամտություն, առավելևս ապուշություն չեն ներում: Չպետք է թերագնահատենք հակառակորդին ու գերագնահատենք մեզ: Շատ պատրաստված թիմով պետք է գնալ, իսկ այդ ներուժը Արցախում դեռևս գոյություն ունի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Այս խոսքերին դժվար է չհամաձայնել, ինչպեսև դժվար է գերագնահատել այն հանգամանքի նշանակությունը, թե ով և ինչ դիրքորոշմամբ է ներկայացնելու Արցախի Հանրապետությունը տխրահռչակ բանակցություններում, եթե դրանք այնուամենայնիվ կայանան։ Տիգրան Պետրոսյանը չունի ո՛չ համապատասխան կրթություն (մասնագիտությամբ ակնաբույժ է), ո՛չ նվազագույն փորձ, ո՛չ դիվանագիտական գործունեության և բանակցություններ վարելու հմտություններ, անգլերեն լեզվին էլ չի տիրապետում:

Բայց միանգամայն ակնհայտ է, որ այդ կարեվոր դերին, մեղմ ասած, բացարձակապես անպատրաստ և կասկածելի համբավ ունեցող հենց այդ մարդուն են տեսնում Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ «գլխավոր բանակցողի» դերում։ Պատճառը նույնքան ակնհայտ է. որքան էլ խրոխտ խոսի Պետրոսյանը, Նա «բանակցելու» է Նիկոլի կապիտուլյանտական օրակարգով, նախապես համաձայնվելով «ինտեգրմանը»։ Այդ դեպքում մի՞թե այդքան կարևոր է, թե հատկապես ով կներկայացնի Արցախը։ Ի վերջո, եթե Հայաստանի ԱԳ նախարար կարող է լինել դիվանագիտությունից միանգամայն հեռու մարդը՝ թուրքական լրտեսի անցյալով, ապա ինչո՞ւ Արցախի անունից Բաքվի հետ չի կարող բանակցել նույնպիսի դիլետանտն ու ստահակը։

Գլխավորն այն է, որ դա լինի իր՝ Նիկոլի մարդը, որը կանի այն, ինչ իրեն կհրահանգեն Երևանից։ Ինչ վերաբերում է այն կերպարին, որը նստած է Արցախի նախագահի աթոռին, ապա Հարությունյանը իրեն բնորոշ ոճով փորձում է խուսափել անմիջական պատասխանատվությունից. համենայնդեպս նրան թվում է, թե առաջ թողնելով Պետրոսյանին՝ իր ուսերից թոթափում է պատասխանատվությունը ապագա «բանակցությունների» ելքի համար…

Ինչպես նշել է նույն հարցազրույցում Դավիթ Բաբայանը, «կան դեպքեր, երբ ավելի լավ է ընդհանրապես չբանակցել»: Այդուհանդերձ արտաքին ուժերը՝ ի դեմս և՛ Արևմուտքի, և՛ Մոսկվայի, պնդում են, որ հանդիպումները կայանան, ձգտելով օր առաջ ազատվել Արցախի ժողովրդի «իրավունքների և անվտանգության» խնդրից։ Ինչպես հաղորդել է հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանը՝ պաշտոնական նույն աղբյուրի վկայակոչումով, «արևմտյան միջնորդները կժամանեն Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հնարավոր ապագա բանակցություններին առնչվող հարցեր»:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 2-ին Երևան էր ժամանել Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։