ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ազատ դաշինքը հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը Բաքվում անցկացրել է ուշագրավ սոցիոլոգիական հարցում: Հարցվողներին առաջարկվել է պատասխանել այն հարցին, թե տարածաշրջանային առաջատար դերակատարներից ում են նրանք համարում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցները Լեռնային Ղարաբաղի համար պայքարում: Ընդ որում ադրբեջանցի հարցվողները կարող էին նշել պատասխանի միանգամից մի քանի տարբերակ։

ԵՎ ԱՀԱ ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ՆՎԱԶՄԱՆ ԿԱՐԳՈՎ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 92,6%, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել՝ 76,1%, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն՝ 72,3%, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու՝ 70%, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ 67,4%, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի՝ 57,7%, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին՝ 48,5%, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն՝ 24,8%, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի՝ 12,5%, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսի՝ 10, 7%:

Ինչպես տեսնում ենք, հարցման արդյունքները բավական տրամաբանական են. ինչպես նրանց առումով, ովքեր օգնում են Ալիևին Արցախը հայերից մաքրելու ծրագրերի իրականացման հարցում, այնպես էլ այն առաջնորդների, որոնք խոչընդոտում են այդ ծրագրերին։ Վերջիններիս թվում առաջատարը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին է։ Հայտնի է, որ Թեհրանը Ալիևի և Էրդողանի տխրահռչակ երազանքի իրականացման՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր հակառակորդն է։ Ռաիսին այդ մասին ասել է անձամբ և առճակատ. թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին, թե՛ Էրդողանին, թե՛ Պուտինին։ Այդ խոսքերի առավել համոզչության համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ իր սահմանների մոտ, երբ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը չափից ավելի է ուժգնանում և Սյունիք Ադրբեջանի ներխուժման սպառնալիքն իրական է ուրվագծեր է ստանում…

Վրաստանի վարչապետը, եթե անգամ չի խանգարում, ապա առանձնապես չի էլ օգնում Ալիևին՝ ձգտելով հավասարակշռված դիրքորոշում պահպանել տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային խնդիրների նկատմամբ։ Ղարիբաշվիլիի պրագմատիկ կառավարությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, Թբիլիսիին ձեռնտու չեն կտրուկ բարդացումները տարածաշրջանում։

Դե, Ֆրանսիայի նախագահից Ադրբեջանում վաղուց են դժգոհ։ Այն աստիճան դժգոհ, որ անկախություն են պահանջում Նոր Կալեդոնիայի համար, թեև այնտեղ վերջին տարիներին արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացվել, որում կղզիների բնակիչները մեծամասամբ քվեարկել են Ֆրանսիայի կազմում մնալու օգտին... Սակայն Ալիևը պնդում է, որ Նոր Կալեդոնիան պետք է անկախություն ստանա…

Եվ, իհարկե, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Որքան էլ փորձում են ամերիկյան դրամաշնորհների հայ օգտատերերը հակառակն ապացուցել, այդուհանդերձ ադրբեջանցի հարցվողները Պուտինին Ալիևի դաշնակիցը չեն համարում Արցախը մաքրելու ծրագրերում։ Եվ դա հասկանալի է։ Կան համառ փաստեր. Ռուսական խաղաղապահ զորախումբը թույլ չի տալիս ագրեսիա իրականացնել Արցախի դեմ, իսկ Պուտինը մի անգամ նույնիսկ բաց տեքստով ասաց, որ չնայած Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններին, Արցախի կարգավիճակի հարցում Մոսկվան կաջակցի այն դիրքորոշմանը, որը կհայտարարի պաշտոնական Երևանը։ Դրամաշնորհները՝ դրամաշնորհներ, փաստերը՝ փաստեր։

ՀԻՄԱ ԱՆՑՆԵՆՔ ԱԼԻԵՎԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ։ Դե, Էրդողանն ինքնին հասկանալի է։ Թուրքիան այլևս չի էլ թաքցնում իր ուժային կառույցների մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ Թուրքիան Հայաստանին նախապայմաններ է ներկայացնում հարաբերությունների կարգավորման համար։ Թուրքական «Բայրաքթարները» պարբերաբար թռչում են մեր սահմանների մոտ՝ միանգամայն որոշակի ուղերձով։ Ադրբեջանի քաղաքացիները շնորհակալ են։

Ալիևի ծրագրերին աջակցելու առումով երկրորդ հորիզոնականում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելն է... Նա միշտ լայն ժպիտը դեմքին է դիմավորում Ալիևին ու Փաշինյանին: Բայց ի՞նչ է նշանակում այդ ժպիտը: Ադրբեջանցի հարցվողների եզրահանգումը հասկանալի է։ ԵՄ-ի համար կարևոր է էներգառեսուրսների մատակարարումն Ադրբեջանից, և հենց Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների բրյուսելյան հարթակում Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին... ԵՄ-ն նման հայտարարությունը ողջունեց։

Հաջորդը Ջո Բայդենն է, այսինքն՝ ամերիկացիները։ Այնպես չէ, թե Ալիևին լիովին գոհացնում է Վաշինգտոնի քաղաքականությունը, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանում գոհ են Սպիտակ տան դիրքորոշումից, համաձայն որի՝ Արցախը Ադրբեջանի մասն է։

Ադրբեջանի բարեկամների թվում է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այստեղ նույնպես ամեն ինչ տրամաբանական է ադրբեջանցի հարցվողների դիրքորոշման մեջ։ Իրանի թշնամի Իսրայելը տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակիցներից է, պարբերաբար ժամանակակից սպառազինություն մատակարարելով Ադրբեջանի զինված ուժերին:

Դե, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին Իլհամ Ալիևը պարբերաբար «մարդասիրական օգնություն» է նետում։ Այստեղ նույնպես անակնկալներ չկան. Կիևը միշտ եղել է Բաքվի կողմից՝ սկսած ներկայումս անցյալի գրկում մնացած ՎՈՒԱՄ գեղեցիկ անվանումով կազմակերպության դարաշրջանից…

Ինչպես տեսնում ենք, նրանց պարագայում, ովքեր խանգարում են Ադրբեջանին ոչնչացնել Արցախը, ամեն ինչ հասկանալի է։ Նրանց առումով, ովքեր օգնում են Ադրբեջանին ադրբեջանցի հարկատուների տեսանկյունից՝ նույնպես։ Եվ դրանց շարքում՝ Ադրբեջանի օգնականների ընկերախմբում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը, ըստ ադրբեջանցի հարցվողների, Ալիևի նույնիսկ ավելի մեծ դաշնակիցն է, քան Զելենսկին... Գնահատել են ըստ արժանվույն։