ԵՄ դիտորդների ուղղությամբ չեն կրակել. առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։
«Դիտորդություն իրականացնող ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների մասին զեկուցում են Բրյուսել։
Հավելենք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության` օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։
Sputnik Արմենիա