Մենենդեսը դիմել է ՄԱԿ–ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին` կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան այսօր պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այդ մասին նշված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի X–ի (նախկին` Twitter) միկրոբլոգում։
Նրանք կոչ են արել ԱՄՆ մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ շրջափակումը վերացնելու և կանխելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքերը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա օգոստոսի 16-ին։
«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ այնտեղ դարերով ապրած հայերի էթնիկ զտումներ։ Ավելի վաղ այս ամիս Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր եզրակացության մեջ նշել էր, որ «կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ ցեղասպանություն է տեղի ունենում»,– նշված է նամակում։
Նամակում նաև կոչ են անում ՄԱԿ–ի ԱԽ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին ներկայացնելու բանաձև` շրջափակումն անհապաղ դադարեցնելու և թույլատրելու անարգել մարդասիրական մուտքը դեպի տարածաշրջան։
Հավելենք, որ նամակում Մենենդեսն ու Պադիլլան մանրամասն ներկայացնում են Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս շարունակվող շրջափակումը, շեշտում, որ իրավիճակն առավել սրվել է հունիսի 15-ից, երբ Ադրբեջանն արգելել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումները` ծանր հետևանքներ առաջացնելով այնտեղի տասնյակ հազարավոր բնակիչների համար։
Նրանք նաև անդրադառնում են այն հանգամանքին, որ Ադրբեջանն արգելում է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար առաքելության իրականացմանը, ինչի հետևանքով խանութներում այլևս սնունդ չկա, հիգիենայի պարագաների, դեղորայքի սուր պակաս է։
Sputnik Արմենիա