Մարուքյան․ Լաչինի միջանցքը Հայաստանի և ԼՂ-ի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է
Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է։ Այս մասին Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա մեջբերել Է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը։
«...Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ կշրջանցի Շուշիին և կմնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը այդ երթուղու պահպանության համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,– գրել է նա:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը հենց վերոհիշյալ` 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի կատարումն է, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիս ամիսների միջանկյալ որոշման կատարումը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Sputnik Արմենիա