ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-2023. Ո՞ՒՐ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Լաչինի միջանցքի շրջափակման արդեն 9-րդ ամիսն է։ ԵՄ-ն Ալիևի մի ականջին խոսում է մարդու իրավունքների մասին, իսկ մյուսին՝ շնորհակալություն հայտնում էներգետիկ անվտանգության ապահովման գործում ավանդի համար։ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, իսկ Փաշինյանի ռեժիմը դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ արտակարգ նիստ հրավիրելու պահանջով: 21-րդ դարում հայերի ցեղասպանությունը հորինվածք չէ, այլ իրականություն։ Դա Արցախի 120 հազար բնակիչների առօրյան է, իսկ այն, ինչով զբաղվում է պաշտոնական Երևանը, ցեղասպանության գնահատականը բանաձևի տեսքով ստանալու փորձ է, այլ ոչ թե 120 հազար հայրենակիցներին փրկելու քայլ։ Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է տարանջատել բանաձևը իրական օգնությունից, կարևոր թուղթը՝ մարդկային կյանքերի կոնկրետ փրկությունից այստեղ և այս պահին:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԵՂՈՒՄ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ Ի ՎԵՐ։ ՀՀ ԱԳՆ-ը շարունակում է միջազգային հանրությանը իրազեկել Ղարաբաղում առկա հումանիտար աղետի մասին։ Դատելով շրջափակման 8 (!) ամիսների ընթացքում շոշափելի արդյունքների բացակայությունից, սա բնավ ԱԳՆ չէ, այլ Օմեգա ծածկանունով թուրքական գործակալի շտաբ։ 2022թ. մայիսի 25-ին, ցուցարարների հեռանալուց ուղիղ 5 րոպե անց, Միրզոյանի հրամանով ԱԳՆ շենքի պատուհաններից անմիջապես քերեցին հայկական երկրորդ հանրապետության պետական դրոշի խորապատկերին գրված «Արցախ» բառը։ Դրանից մեկ ամիս առաջ նույն կերպ էին վարվել ադրբեջանցի զավթիչները՝ երեխաներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսի վրայից դանակներով քերելով Արցախի Հանրապետության դրոշի պատկերը։

Այս օրերին Արարատ Միրզոյանը, ըստ Հանրային հեռուստաընկերության ամփոփագրի, օրական 5 հեռախոսազանգ է կատարում: Հարց է առաջանում. դա՞ է ԱԳՆ-ի իրական ՕԳԳ-ն ցեղասպանության պայմաններում։ Ինչո՞ւ կարեկցանքի խոսքերից և Ալիևին համաշխարհային ատյանների ուղղած կոչերից անդին գործը չի շարժվում։ Ռեժիմի գլխավոր խոսափող Գնել Սարգսյանն այս օրերին հայտարարեց, թե իշխանությունը «դիվանագիտական նուրբ խաղի մեջ է մտել», որը մենք՝ հասարակ մահկանացուներս, հասկանալ չենք կարող։

Այդ խաղի ողջ «նրբությունն» այն է, որ ռեժիմի վերնախավը գոռում է հավաքական Արևմուտքին, թե ամեն ինչում մեղավոր է Մոսկվան, համարելով, թե այդ կերպ իր կողմը կգրավի արևմտյան դերակատարներին։ Ռեժիմի քարոզչամեքենան բացահայտ խոսում է Արցախում տեղի ունեցող աղետին Կրեմլի առնչության մասին։ Ռեժիմը մեղադրում է Պուտինին ու ՌԴ խաղաղապահներին և չի հասկանում, թե ինչո՞ւ հավաքական Արևմուտքը չի շտապում ճնշում գործադրել Ալիևի վրա՝ ապաշրջափակման հասնելու համար։

Որքա՜ն «նրբորեն» է Նիկոլ Վովաևիչը ներգրվում արևմտյան քաղաքականության մեջ՝ ուկրաինական հակահարձակման արդեն ակնհայտ ձախողման փուլում։ Համեմատության համար. վարչապետի պաշտոնում Խոսրով Հարությունյանը կարողացավ հասնել Թուրքիայի(!) տարածքով հացահատիկի մեծ խմբաքանակի մատակարարումների, ինչով փրկեց ժողովրդին սովից։ Դա Արցախյան առաջին ազատամարտի ամենաթեժ պահին էր։ Այդ շրջանում լինում էին օրեր, երբ երկրում հացի պաշարը բավականացնում էր միայն մեկ օրվա։ Օրինակներ, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ պետական հարցեր են լուծել, կարելի է բերել առավել քան մեծ քանակությամբ։ Մինչև 2018 թվականը դա համարվում էր կյանքի նորմ և սովորական երևույթ: 5 տարի 3 ամսվա ընթացքում ժողովուրդն արդեն հետ է վարժվել, որ իշխանության գագաթին գտնվող մարդիկ պիտի խնդիրներ լուծեն, որովհետև բանիմաց են, գիտեն, թե ինչ և ինչպես պետք է անել...

Այս ընթացքում Փաշինյանը ընդհուպ մոտեցրեց «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին» իր վարչապետության վերջնական նպատակին՝ 120 հազար հայերի ցեղասպանությանը 21-րդ դարում։ 2018 թվականի մայիսի 8-ից աստիճանաբար, քայլ առ քայլ, հստակ նախանշված ծրագրով նա փլուզում է հայկական երկու պետությունները։ Հայոց ցեղասպանությունն արդեն իրականություն է, իսկ ո՞ւր է պետությունը։ Եթե ինչ-որ մեկը հեռախոսով ինչ-որ տեղ է զանգահարում, իսկ ոմն մեկն էլ բեռնատարներ է լցնում մարդասիրական օգնությամբ, դա դեռ պետություն չէ։ Պետությունը կոչված է ապահովելու իր քաղաքացիների կյանքի իրավունքը, երբ յուրաքանչյուր ոք իրեն ապահով է զգում երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Այսօր այդ իրավունքը ոտնահարված է. ինքնիշխան Հայաստանի ավելի քան 150 քառ. կմ տարածք 2021 թվականի մայիսի 12-ից բռնազավթված է, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Նրանք, ովքեր պաշտպանում էին հայկական դիրքերն ու պահակետերը ադրբեջանական զավթիչներից, այժմ գնում են Կոռնիձոր՝ փորձելով ապահովել մարդասիրական բեռների անցումը։

Ռեժիմի վերոնշյալ խոսափողն իր հեղինակային հաղորդման եթերում այս օրերին խորհուրդ տվեց «մահապարտի» երդում տված մարտիկներին. «Կոռնիձոր գնալու փոխարեն ավելի լավ է գնայիք ռուսական դեսպանատան մոտ, որովհետև միջանցքը Ռուսաստանն է փակել»: Իրականում շրջափակումը հետևանքն է այն բանի, որ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում. սա էր 2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթման գլխավոր նպատակը:

Այս օրերին ու շաբաթներին ժողովուրդն ապրում է դավաճանության եզրափակիչ փուլը, որը սկսվել է վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու հաջորդ օրը. ճիշտ է, ոչ միանգամից, այլ կարճատև թափավազքից հետո: 2018թ. մայիսի 9-ին նա այցելեց Ստեփանակերտ, որտեղ հայտարարեց. «Փոխզիջումների մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, եթե մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պատրաստակամության մասին»: Հենց այնտեղ՝ Արցախում, Փաշինյանը հայտարարեց նաև Ալիևի հետ Մինսկի խմբի ձևաչափով բանակցելու պատրաստակամության մասին, ընդգծելով, որ չի կարող լիարժեք համարել այդ ձևաչափը, քանի դեռ այնտեղ ներկա չէ լիարժեք կողմերից մեկը՝ ի դեմս Արցախի ղեկավարության։

2019 թվականի մարտին Փաշինյանը Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի առաջնահերթ խնդիրն է։ Նույն թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Նրան փորձել էին համոզել զերծ մնալ այդ ելույթից, բայց Փաշինյանը շատ լավ գիտեր, որ այդ արտահայտությունը կծառայի որպես բանակցային գործընթացի ավարտի սկիզբ, քանզի եթե Արցախը Հայաստան է, ապա էլ ինչի՞ մասին պիտի բանակցեն։

Կգա ժամանակ, երբ պատմության դասագրքերում կգրեն, որ արտաքին տերերի հրահանգով ԱՄՆ ԿՀՎ-ի 2018թ. գունավոր հատուկ գործողության առաջնորդը միտումնավոր խափանեց բանակցությունները՝ օրինական հիմք ստեղծելով հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար, այլ կերպ ասած՝ Փաշինյանը միտումնավոր սադրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան, միջազգային հանրության աչքում որպես ոչ կառուցողական ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում։

2020թ. մայիսին Շուշիում Փաշինյանը մասնակցեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իր դրածոյի՝ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Ընտրություններում նրա հաղթանակի համար Փաշինյանը, հիշեցնեմ, սորոսական կազմակերպությունների դեսանտ էր իջեցրել Ստեփանակերտ՝ Դանիել Իոաննիսյանի ընդհանուր ղեկավարությամբ, ընդ որում՝ ՀՀ կառավարության փողերով։ Երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարեց. «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունն անխուսափելիորեն պետք է հանգեցնի Արցախի դե ֆակտո ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչմանը»: Ավելի ուշ նա կասի, թե «Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը դեռևս 2016 թվականին»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Փաշինյանը հնչեցրեց «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, որը նույնական է համարվում ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդի սկզբունքին: Ռազմական գործողությունների ընթացքում նա համաշխարհային պարբերականներին տված հարցազրույցում խոսում էր այդ սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին։ Պնդում էր, թե «հանուն փրկության անջատումը» արցախահայության անվտանգությունն ապահովելու միակ միջոցն է:

Պատերազմական գործողությունների ավարտից հետո ռեժիմի պարագլուխը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։ Ո՞ւր է։ Բոլոր դիմակները պատռվեցին 2021 թվականին, երբ Փաշինյանը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր չի նշանակում նրա անկախություն»։ Ապա հաջորդեց սկանդալային սուտը նշաձողի իջեցման մասին՝ հղում անելով իբր եվրոպացի գործընկերների առաջարկին…

Դավաճանության համառոտ տարեգրությունը ոդվածի ձևաչափը ստիպում է շրջանակներից դուրս թողնել բազմաթիվ ծրագրային հայտարարություններ, ուստի սահմանափակվեմ մեկ մեջբերումով. «Վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար») հանգեցնում է տրամաբանության շրջանակներում միակ հնարավոր եզրակացության: 2020 թվականին ռեժիմի պարագլուխը գիտակցաբար պայմաններ ստեղծեց Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի համար։ Պատերազմից հետո նա թույլ տվեց բռնազավթել Հայաստանի ավելի քան 150 քառ.կմ տարածք և «խաղաղության դարաշրջանի» գալուստի կարգախոսով ընդհուպ մոտեցրեց իրավիճակը 120 հազար արցախահայության ցեղասպանությանը։

Հայկական երկու պետությունների կազմաքանդման իր տերերի առաջադրանքի կատարումը Փաշինյանը հասցրեց ավարտական փուլերի. բռնազավթման և ցեղասպանության։ Ժամանակն է արդեն հետևություններ անել ոչ թե Կոռնիձորում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլ Երևանում: