Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր քննարկել են արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:

«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը»,– ասված է հաղորդագրությունում:

ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

Sputnik Արմենիա